▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

էս երկիրը երկի՛ր է, դուք եք բառադի...

Սա Հայաստան է և վե՛րջ... գրողի ծոցն ուղարկելու մշակույթը Հայաստանում ամուր հիմքեր ունի. սա է փոքր ու միջին բիզնեսի պաշտպանության, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, օրինականության պաշտպանության իրական պատկերը Հայաստանում...

...չեխահայ համայնքը սրա մասին էր խոսում մի քանի օր առաջ, սա միջազգային կառույցների զեկույցներում չեք կարդա... էս իրողությունը փոխելու մասին պիտի հոգա երկրի իշխանությունը, ոչ թե երկրապահին կուսակցական պուճախները խցկելու ու մասնատելու... սրա դեմ պիտի պայքարի ոստիկանությունը, ոչ թե խրոխտ կեցվածքով շոուներ կազմակերպելու... սա պիտի լինի հանրային լրատվամիջոցների եթերում, ոչ թե թիթեռնիկները...

...սա է ժողովրդի ատելությունը վայելողի ռեստավրացիայի տրամաբանական շարունակությունը, որովհետև հասարակությանը ձեր ամենահզոր ուղերձը ՄԱԿ-ի ԳԽ ամբիոնից չէ, այլ կառավարության շենքից դուրս եկած Լիսկայի կիտած նոթերը... որովհետև ի լուր աշխարհի հայտարարում եք, որ ձերը նվիրյալները զոռբաներն են, ոսկրաղացներն են, մանր առևտրականի սեղանիկը փշրողներն են, ձեր ամենալավ ու ամենաարժեքավոր կադրերը Լիսկաներն ու Վաղարշներն են, մենաշնորհատերերն են... էս եք դուք խրախուսում, ծաղկեցնում ու տարածում... էս եք դուք...

...էս եք դուք՝ իշխանություն, թե ընդդիմություն... ձեզ թափանցիկություն ու արդարություն պետք չէ, ձեզ ձեր տապոռներն են պետք, ձեզ երկխոսություն պետք չէ՝ դատարկ մոնոլոգներով յոլա եք գնում, ձեզ միջին խավ պետք չէ, ձեզ պետք են մտքով, հոգով ու գրպանով գջլոտներ, որ ոսկոր նետեք դիմացներն ու թքեք վրաները, որ չմտածեն, չխոսեն, չկասկածեն, չառարկեն, որ լավ հագնված քայլեն Երևանով՝ ուղեղները մաքուր, հոգիները դատարկ, բերանները կարած, գլուխները կախ, որ ձեր աչքերի մեջ նայել չհանդգնեն, որ արածեցնեն ձեր ոչխարներն ու լվան ձեր խոզերին, որ գործակատար լինեն ձեր խանութներում ու ջրվոր՝ ձեր հանդերում, որ սպառեն ձեր առաջարկած-պարտադրած անորակ աղբն ու այլընտրանք չակնկալեն՝ ոչ ձեր ապրանքներին, ոչ ձեր ծառայություններին, ոչ ձեզ...

...մտածող, սրտացավ ու հասուն հայաստանցին էսօր երկու այլընտրանք ունի. կա՛մ ստիպել ձեզ, որ գրողի ծոցն ուղարկեք ձեր մոտեցումներն ու միասին կառուցենք երկիր, ուր մեր երեխաները կարող են ապրել մարդավայել՝ մտածելով, սիրելով ու հպարտ... կա՛մ, ստիպված է տառապել գրողի ծոցում, գրողի ծոցն ուղարկել ձեզ ու ձեր տապոռի մշակույթը, իսկ իր երեխաներին ուղարկել գրողի ծոցից դուրս, ուր նրանք կարող են ապրել մարդավայել՝ մտածելով, սիրելով ու հպարտ... երրորդ տարբերակ չկա՝ մտածող, սրտացավ ու հասուն հայաստանցու համար...

© էս երկիրը երկի՛ր է, դուք եք բառադի...

 

Վահան Ասատրյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее