▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը հավատարիմ է իր հայտարարությանը՝ «ԲՀԿ-ն ընդդիմություն չի դառնալու». «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Տիգրան Սարգսյանի կառավարությունը պաշտոնանկ արվեց, մի քանի օր անց ԱԺ-ն կհաստատի Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրը, եւ քաղաքական կյանքը կվերադառնա նախկին՝ բնականոն հուն: Իրականում այն այդ հունից դուրս էլ չէր եկել, պարզապես իշխանությունը հասկացավ, որ նախկին՝ տարիներ շարունակ քարացած վիճակը կարող է վտանգավոր դառնալ, եւ փոփոխությունների իմիտացիա կազմակերպեց: Բայց այնպես չէ, որ կարելի է Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրը հաստատել ու գնալ Դուբայ հանգստանալու՝ քաղաքական դաշտը թողնելով անտեր, առանց կառավարելի ինտրիգների: Այդ դեպքում հանկարծ այն կարող է լցվել որեւէ իրական քաղաքական բովանդակությամբ, ինչն իշխանությանն ամենաքիչն է պետք: Իսկ ի՞նչ է անում իշխանությունը՝ այդ տեղը դատարկ չթողնելու համար: Մեծ փոփոխություններից հետո կազմակերպում է ավելի մանր, բայց դիտարժան ինտրիգներ: Հենց դրանց շարքին պետք է դասել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը՝ առաջիկա տասը տարում քաղաքականությամբ զբաղվողներին Մելիք-Ադամյան փողոց ուղարկելու մասին, եւ, որ ավելի կարեւոր է՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ ուղղված Շարմազանովին: «Այնպես որ, կարող եմ ասել, այս ընտրությունները, դա կլինի խորհրդարանական թե նախագահական, որ, ասենք թե, այս անգամ հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը»,- հայտարարեց ԲՀԿ նախագահը:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ԲՀԿ-ՀՀԿ հակամարտությունն իջեցվել է Ծառուկյան-Շարմազանով մակարդակի: Դա Գագիկ Ծառուկյանի անձնական ճաշակի եւ, ինչպես երեկ ինքն է ասել, արժանապատվության հարցն է: Չարժե անդրադառնալ նաեւ այն աննշան դիպվածին, թե ինչպես էր նույն միջոցառման մասին պատմող տեսանյութում այդ խոսքերն արտասանելիս՝ մեղմ ժպտում Գագիկ Ծառուկյանը՝ փորձելով ցույց տալ դեմքի հեգնական արտահայտություն, որն իրականում ավելի շատ հիշեցնում էր ակնարկ՝ «ինձ սխալ չհասկանաք» մոտիվներով:

Ծառուկյանի այս հայտարարությունը երեկվանից որոշակի աշխուժություն է առաջացրել քաղաքական շրջանակներում, սոցիալական ցանցերում: Հիմնական լեյտմոտիվն այն է, թե Ծառուկյանն, ահա, դուրս է գալիս ՀՀԿ-ի դեմ, նա ասաց իր խոսքը, ու այլեւս հետդարձի ճանապարհ չկա: Իրականում, սակայն, Գագիկ Ծառուկյանը մինչեւ ապագա իշխանության երթուղուն անցելն արել է շատ ավելի կարեւոր հայտարարություն, որը շատ պատահաբար ու, բնականաբար, ոչ միտումնավոր, դուրս է մնացել ԲՀԿ-ի «վճռականությամբ» ոգեւորվողների ուշադրությունից: «Մենք մեր սկզբունքները, մեր մոտեցումները, ես՝ անձամբ, ոչ մի բան չի փոխվել: Ինչ որ ասել ենք համագումարում, կետ առ կետ պահել ենք: Ու դա մինչեւ վերջ ես պահելու եմ պահպանեմ, իմ արժանապատվության խնդիրը ես ոչ մի բանի հետ չեմ փոխելու»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ վերջին համագումարում, հիշեցնենք, նա իր կուսակիցներին հորդորեց դուրս գալ աշխատասենյակներից, լինել փողոցում, շփվել մարդկանց հետ, եւ այլն: Այդ հայտարարությունն այն ժամանակ գնահատվեց մոտավորապես այնպես, որ ԲՀԿ-ն գնում է փողոց՝ փողոցով իշխանությունը վերցնելու: Դրանից հետո ԲՀԿ բարձր հովանու ներքո գործող ոչ իշխանական ուժերի քառյակի ներկայացուցիչները հաղթականորեն հայտարարեցին, որ ապրիլի 28-ին եռօրյա շուրջօրյա հանրահավաքներ են սկսելու, որ  մինչեւ այդ գնալու են մարզեր, եւ այլն: Հանրահավաքներ, բնականաբար չեղան, փոխարենը՝ վարչապետ դարձավ Գագիկ Ծառուկյանի խնամին՝ Հովիկ Աբրահամյանը: Համաձայնեք, որ հայ մարդու համար իր մերձավորին, բարեկամին բարձր պաշտոնի հասնելու հարցում աջակցելուց ավելի արժանապատիվ քայլ դժվար է անգամ պատկերացնել: Այնպես որ, այս հարցում Գագիկ Ծառուկյանի խոսքը միանգամայն գործ է: Այսինքն՝ այդ մասով Ծառուկյանը չի շեղվել համագումարյան թեզիսներից:
Բայց ամենակարեւորը՝ Գագիկ Ծառուկյանը հավատարիմ է մնացել անցած տարի իր իսկ կառուցած եկեղեցու բակում իր իսկ կողմից արված հայտարարությանը՝ «ԲՀԿ-ն ընդդիմություն չի դառնալու»:

 


Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее