Գորիսում հունիսի 2-ի գիշերը տեղի ունեցած արյունահեղության վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ գալիս:
Այս մասին գրում է iLur.am-ն ու նշում, որ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ Ավետիք Բուդաղյանը սպանվել է ոչ թե մարզպետ Սուրիկ «Լիսկա» Խաչատրյանի տան բակում, ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրություններում, այլ հենց տան մեջ:
Ընդ որում, ըստ աղբյուրի՝ սպանության հեղինակը Սուրիկ Խաչատրյանի ավագ որդի Տիգրանն է:
Գորիսցիներին հայտնի է, որ Բուդաղյաններն ու մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, թեեւ քավոր-սանիկներ են, բայց տարիներ ի վեր լարված հարաբերությունների մեջ են: Լարվածության պատճառներից մեկն այն է, որ 2009-ին Գորիսի քաղաքապետի ընտրություններին Ավետիքը, հակադրվելով «Լիսկայի» կամքին՝առաջադրել էր իր թեկնածությունը մարզպետի ֆավորիտ Նելսոն Ոսկանյանի թեկնածության դեմ:
iLur.am-ի աղբյուրը պատմել է, որ հունիսի 1-ին, ըստ պաշտոնական տվյալների՝ աշխատանքային այցով Սյունիք այցելած ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը որոշում է զուգահեռ լուծել նաեւ կողմերի հաշտեցման խնդիրը:
Բանն այն է, որ Սահակյանը ազգակցական-խնամիական կապերի մեջ էր սպանված Ավետիք Բուդաղյանի հետ: Ըստ կայքի աղբյուրների՝ «Սդղի գյոլում» տեղի ունեցած ճաշկերույթի ժամանակ, սակայն, հաշտության գործը հնարավոր չի լինում «գլուխ բերել»: Տեղի է ունենում վիճաբանություն, որի ընթացքում մարզպետը հայհոյում եւ ապտակում է Ավետիք Բուդաղյանին: Սահակյանը սաստում է վեճի մասնակիցներին:
Բարձրաստիճան հյուրերին Ստեփանակերտ ճանապարհելուց շուրջ վեց ժամ հետո Ավետիք Բուդաղյանը, զանգահարելով եղբորը՝ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանին, կեսգիշերին մոտ նրա հետ միասին եկել է Սուրիկ Խաչատրյանի առանձնատուն: Տանտիրուհու՝ Սուրիկ Խաչատրյանի կնոջ թույլտվությամբ եղբայրները մտել են տուն, որտեղ հանդիպել են մարզպետի ավագ որդուն՝ Տիգրանին: Վերջինիս հետ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում, ըստ iLur.am-ի աղբյուրների, Տիգրան Խաչատրյանը վախեցնելու նպատակով հրազենից կրակել է Ավետիք Բուդաղյանի ուղղությամբ: Կրակոցից վնասվել է նրա ազդրային զարկերակը, ինչը հանգեցրել է արագահաս մահվան:
Արտակ Բուդաղյանը, տեսնելով, որ եղբայրը սպանված է, բակում կայանած իր մեքենայից զենք է վերցրել եւ վերադարձել տուն, որտեղ փոխհրաձգության արդյունքում վիրավորվել են ինքը եւ Խաչատրյանների տան մտերիմ Նիկոլայ Աբրահամյանը:
Ընդ որում, ըստ կայքի աղբյուրների՝ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այդ ընթացքում տանն է եղել, բայց արդյո՞ք նա քնած է եղել, ինչպես հայտարարել է հարցազրույցներից մեկում, թե ոչ, դեռ հայտնի չէ: Զոհին եւ վիրավորներին հիվանդանոց տեղափոխելուց հետո Սուրիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ իր տան մոտակայքում բեմադրվում է «փոխհրաձգություն»՝ տպավորություն ստեղծելու համար, որ դեպքը կատարվել է ոչ թե տանը, այլ տան մոտ:
Հիշեցնենք, որ դատախազությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ Քր. Օր. 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (սպանություն շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերքի ձեռքբերում, պահում) հատկանիշներով: Գործով ձերբակալվել են Տիգրան Սուրիկի Խաչատրյանը եւ Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանը: Ընդ որում՝ գործով նախաքննական մարմնի՝ ՊՆ քննչական ծառայության լրատվական ծառայության պատասխանատու Մերի Սարգսյանը iLur.am-ին տեղեկացրեց, որ նշված հոդվածներով հանցանքները նախաքննության արդյունքում կարող են մեղսագրվել ձերբակալված երկու անձանցից յուրաքանչյուրին:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Սուրիկ Խաչատրյանը այսօր առավոտյան Գորիսից մեկնել է Երեւան՝ Սերժ Սարգսյանի հետ քննարկելու իր հետագա ճակատագիրը:
Հ.Գ. Գորիսում խոսում են, որ Բուդաղյանների հայրը որդու դիակի վրա երդվել է արյան վրեժ լուծել Սուրիկ Խաչատրյանից: