Շատերն ենթադրում էին, որ Ապրիլի 24-ին ընդառաջ՝ Սերժ Սարգսյանը կարող է հետ վերցնել հայկական կողմի ստորագրությունները հայ-թուրքական արձանագրություններից: Դա տեղի չունեցավ:
Փոխարենը՝ գրեթե սենսացիոն իրադարձություն արձանագրվեց. Թուրքիայի վարչապետն առաջին անգամ խոսեց հայերի տառապանքների մասին ու Ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ, ըստ էության, ցավակցեց հայերին:
Սա հիմք տվեց ենթադրելու, որ հայ-թուրքական հարաբերություններում հերթական ձնհալն է. Երևանն ու Անկարան դարձյալ դիվանագիտական շփումների մեջ են՝ գուցե առայժմ միջնորդավորված:
Դա հաստատվեց նաև բրիտանական The Guardian թերթում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի երեկ հրապարակած
«Թուրքեր և հայեր. վարչապետ Էրդողանին պետք է հետևենք և թաղենք մեր ընդահանուր ցավը» վերնագրված հոդվածով:
Թուրքական դիվանագիտության ղեկավարն, ըստ էության, վերահաստատում է իր վարչապետի մեսսիջները: «Նույն ժամանակաշրջանում հայերն էլ մեծ ցավեր են տեսել և դա անվիճելի փաստ է։ Հայ ժողովրդի մի մեծ մասի տեղահանությունը անընդունելի և անմարդկային հետևանքներ է ունեցել»,-ասվում է հոդվածում։ Միևնույն ժամանակ, Դավութօղլուն երկխոսություն և հաշտություն է առաջարկում: «Մոտ 100 տարի տևած հակադրությունն ապացուցեց, քանի դեռ չենք սկսել միմյանց լսել և հասկանալ, այս խնդիրը չի լուծվի։ Բացի այդ, պետք է սովորենք հարգել ՝առանց մեր տառապանքները համեմատելու, դասակարգելու»,- գրում է նա։
Ակնհայտ է, որ թուրքական քաղաքականության մեջ փոփոխություններ են նկատվում, որոնք կարող են պայմանավորված լինել մի քանի հանգամանքով:
Նախ, մոտենում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, և Անկարան փորձում է կանխել միջազգային հանրության հնարավոր արձագանքներն այս ուղղությամբ:
Երկրորդ, ուկրաինական իրադարձություններն անվերահսկելի են դարձրել Մոսկվայի քաղաքականությունն, ինչը փոքրացրել է նաև Թուրքիայի մանևրելու հնարավորությունը ու Անկարային պետք են նախաձեռնություններ, որոնք կմեծացնեն նրա տարածաշրջանային ազդեցությունը:
Եվ վերջապես՝ այս ամենը կարող է հետևանք լինել Մոսկվայի ախորժակը զսպելու արևմտյան քաղաքականության: Ակնհայտ է, որ հայ-թուրքական սահմանի բացումն էապես փոքրացնելու է Կրեմլի ազդեցությունը մեր տարածաշրջանում:
Ինչևէ, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հերթական պատուհանն է բացվել:
Այս համատեքստում՝ ինձ դարձյալ անհանգստացնում է Հայաստանի իշխանության որակը, ինչի հետևանքով մեր երիրը զրկված է կարեևոր իրադարձություններոմ ադեկվատ արձագանքներ տալու ու համարժեք սուբյեկտ լինելու հնարավորությունից:
Հայ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումներ են սպասվում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet