▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի՞թե Եկեղեցու Սբ. Հայրերը սխալ են արել, որ Գառնիի տաճարը սրբավայր չեն անվանել

 «Գառնին հեթանոսական տաճար չէ. Գառնին հայ ազգի սրբավայրերից մեկն է»,- գրում է Ասողիկ քահանա Կարապետյանը: Արդյոք աստվածաշնչական ի՞նչ հիմք ունի այս գրառումը, դա արդեն անհասկանալի է : Երևի որոշ հոգևորականներ Հայոց եկեղեցին քանդելու` սատանայի կողմից սկսած հարյուրավոր տարվա պատերազմում  ուզում են ավելի առաջ գնալ և իրենց ետևում թողնել աղանդաւոր-նեռին: Մի՞թե կարելի է ասել, թե Էջմիածնի կամ Խոր Վիրապի և կամ որևէ մի այլ սրբավայրի նման Գառնիի տաճարն էլ  հայ ազգի սրբավայր է: Մի՞թե կարելի է նույնացնել սուրբը պիղծի հետ: Մի՞թե կարելի է ասել, որ լույսն ու խավարը նույն բաներն են: Վերջապես, մի՞թե հասել է այն ժամը, որի մասին իր «Գիրք Հարցմանց» ստվարածավալ աշխատության 708-րդ էջում խոսել է եռամեծար վարդապետ Սբ. Գրիգոր Տաթևացին` նեռի վերաբերյալ. «Նախ կխաբի եկեղեցականներին խորամանկ քարոզությամբ...»:

Ամո՛թ է մեզ ու մեծ ամոթ, որ ուզում ենք աղանդաւոր-նեռից առաջ անցնել Հայոց եկեղեցին ու եկեղեցուց բխած սուրբ հավատքը ու անխարդախ, ուղղափառ վարդապետությունը քանդել: Ամենազոր Աստծու ձեռքով հիմնված ու հայ ազգի սուրբ նահատակների արյամբ զարդարված Հայոց Սուրբ եկեղեցին անհնար է նույնացնել  սատանայի դրդումով հիմնված Գառնիի տաճարի հետ: Շատ լավ գիտենք, թե ինչպե՛ս է ծնվել ու աճել հեթանոսությունը աշխարհում: Այնքան թերաճ պետք է լինի մի մարդ, որպեսզի ասի, թե հեթանոսությունը սատանայի ծնունդ չէ:

Ոչ մի հոգևորական, նույնացնելով Հայ ժողովրդի սրբությունները պղծությունների հետ, իրավունք չունի իր խոսքերով անարգելու Հայ ժողովրդի սրբությունները. ի՛նչ ուզում է, որ լինի պատճառը: Հայ ժողովրդի սրբությունները պատկանում են Հայ ժողովրդին և ոչ թե հայ հոգևորականներին: Հայ ժողովրդի սրբությունները ժառանգ են Հայ ժողովրդին և ոչ թե որպես պապենական կալվածք՝ ժառանգ են հոգևորականներին, որպեսզի ոնց ուզենան, այդպես արտահայտվեն այդ մասին: Ոչ մի հոգևորական իրավունք չունի դուրս գալու Սուրբ Հայրերի խոսքերից: Ի՞նչ եք ուզում ասել. մի՞թե Սուրբ Հայրերը սխալ են արել, որ Գառնիի տաճարը սրբավայր չեն անվանել, քա՛վ լիցի: Դո՛ւք եք սխալվում ու չարաչար սխալվում և խարխափում անգիտության խավարում, երբ նույնացնում եք Էջմիածինն ու Գառնին, հավասար աչքով եք նայում Խոր Վիրապին ու հեթանոսական մեհյանին: Վա՛յ մեզ, որ անտեսում ենք Եկեղեցու Սուրբ Հայրերի ուսուցումները: Եթե մենք փորձենք անտեսել Սուրբ Հայրերի ուսուցումները, բա ի՞նչ ենք թողնելու աղանդավոր-նեռին: Ոնց որ մրցակից եք դարձել աղանդաւոր-նեռին, թե ո՛վ է լավ քանդելու Հայոց եկեղեցին ու նրանից բխած հավատքը:

Սիրելի՛ Տեր Ասողիկ, ո՞վ է Ձեզ շնորհել այդ իրավունքը, որպեսզի Ձեր այս խոսքով ոտնակոխ անեք Սբ. Գրիգոր Լուսավորչի չարչարանքները և այդ չարչարանքներից` Հայ ժողովրդի ստացած օրհնությունները: Մեր հավատքի հոր` ճիշտ այդ չարչարանքներն էին մեկնակետը,  որպեսզի Հայ ժողովուրդն ընդուներ աննախադեպ ու անկրկնելի երկնային այն պատիվը, որը Բարձրյալն Աստված շնորհեց Հայ ժողովրդին. աշխարհում լինել առաջին ազգը, որը  կընդուներ քրիստոնեությունը որպես պետական կրոն: Եվ նույն այդ չարչարանքներն էին հիմնական պատճառներից մեկը, որպեսզի Հայ ժողովորդը դուրս գար հեթանոսական խավարից և ճանաչեր ճշմարիտ Լույսը՝ Քրիստոս Հիսուսին: Չարչարանքներով ու արյունով ձեռք բերված սրբությունները ո՞նց եք նմանեցնում պղծություններին: Ասում եք, թե` «քրիստոնեությամբ մենք չհեռացանք մեր ազգի սուրբ հավատքից` լուսապաշտությունից, այլ կատարելապես ճանաչեցինք Իրական ու Ճշմարիտ Լույսին»: Այդ ի՞նչ լույսի մասին է խոսքը, որ Հայ ժողովուրդը պաշտում էր նախաքրիստոնեական ժամանակաշրջանում: Չի կարելի խավարն ու խավարապաշտությունը անվանել լուսապաշտություն: Ի՞նչ ասենք Ագաթանգեղոս պատմիչի մասին, որ ասում է. «Սբ. Թադեոս և Սբ. Բարթուղիմեոս առաքյալները եկան Հայաստան աշխարհ, ուր խավար հեթանոսությունն էր տիրել, և չաստվածների պաշտամունք էր կատարվում» («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Հայաստանի դարձը» գրքից): Դուք Ձեզ հարց տվեք, թե արդյո՞ք կարիքը կար Սբ. Գրիգոր Լուսավորչի չարչարանքների, եթե մեր հեթանոս նախահայրերի պաշտած չաստվածներն ու Ամենասուրբ Երրորդությունը նույնը լինեին:

Նայենք, թե ի՛նչ է ասում Աստվածաշունչը սրբավայրերի ու պիղծ վայրերի մասին: «Անհավատներին լծակից մի՛ եղեք, որովհետև ի՞նչ կապ ունի արդարությունը անօրենության հետ. և կամ ի՞նչ հարաբերություն լույսի և խավարի միջև. և կամ ի՞նչ միաբանություն Քրիստոսի և Բելիարի միջև. կամ ի՞նչ առնչություն ունի հավատացյալը անհավատի հետ. կամ ի՞նչ նմանություն ունի Աստծու տաճարը մեհյանների հետ» (Բ Կորնթ. 6:15-16-17)։ Գառնիի տաճարում թե ի՛նչ արարողություններ էին կատարվում, շատ լավ գիտենք:

Հարգելի՛ Տեր Ասողիկ, ո՞նց եք նույնացնում Աստծու տաճարն ու հեթանոսների կռատունը: Աստվածաշունչն ասում է, որ անհնար է նույնացնել: Բա ո՞նց է լինում, որ Դուք իրար հետ հավասար եք դասել Հայոց ազգի աստվածակերտ սրբավայրերն ու սատանայահիմն տաճարը: Նույնացնում եք եկեղեցին, որտեղից մարդիկ աղոթք են բարձրացնում առ Աստված, ու հեթանոսական տաճարը, որտեղ խավարի մեջ քայլող մարդիկ փառաբանություն են մատուցում խավարի իշխան դևերին:

Աստվածաշնչից մի ուրիշ համար ասում է. «Ինչ որ հեթանոսները զոհում են, դևերին են զոհում և ոչ՝ Աստծուն։ Չեմ ուզում, որ դուք դևերին հաղորդակից լինեք. քանզի չեք կարող խմել և՛ Տիրոջ բաժակը, և՛ դևերի բաժակը։ Եվ չեք կարող վայելել և՛ Տիրոջ սեղանից, և՛ դևերի սեղանից» (Ա Կորնթ. 10:20-21): Որպես խավարի մեջ քայլող ժողովուրդ` մեր նախահայրերը, իբրև կռապաշտ, հեթանոս Գառնիում զոհ են մատուցել սատանային: Իսկ հիմա մեր եկեղեցիներում Ամենասուրբ Փրկիչն է պատարագվում: Ո՞նց կարելի է նույնացնել. սա մի անհնար ու անկարելի բան է: Աստվածաշունչն ասում է, որ «չեք կարող խմել և՛ Տիրոջ բաժակը, և՛ դևերի բաժակը», այսինքն` անհնար է մեկտեղել աստվածատուր սրբավայրերն ու դևերի մեհյանները: Ո՞վ է պատարագվում մեր եկեղեցում, և ովքեր էին զոհաբերվում հեթանոսական տաճարներում: Պատասխանը հստակ է. Եկեղեցում` Քրիստոս Հիսուս, հեթանոսական տաճարներում՝ կուռքերը, որոնցից գարշում է Աստված:

Արժանապատի՛վ Տեր Հայր, ձեր գրառման մեջ ասում եք. «Հայոց Եկեղեցու համար երբեք էլ չի եղել հեթանոսական շրջան»: Բա ի՞նչ ենք անվանելու նախաքրիստոնեական ժամանակաշրջանը Հայաստանում: Երիցս ճշմարիտ են Սուրբ Գրքի մարգարեությունները վերջին ժամանակների մասին. «Ձեր միջից էլ դուրս կգան մարդիկ, որ թյուր բաներ կխոսեն՝ աշակերտներին իրենց հետևից քարշ տալու համար։ Դրա համար էլ արթո՛ւն կացեք» (Գործք 20:30-31):

 

 

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее