▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշակի հերթականությամբ վեցերորդ կետը պետք է նկատել առաջինը

Ամերիկացի համանախագահ Ուորլիքի հրապարակումները հասկանալիորեն մեծ արձագանգ գտան: Ամենայն հավանականությամբ, Ուորլիքի կամ ավելի ճիշտ պաշտոնական Վաշինգտոնի առաջադրանքն էլ մադրիդյան սկզբունքները վերստին քաղաքական շրջանակների կողմից շրջանառության մեջ դնելն է եւ բանակցային գործընթացին իբրեւ առանցքային նախագիծ վերադարձի ապահովումը: Թվում է, թե այստեղ էական չէ նաեւ սկզբունքների առաջին կամ նորացված տարբերակի տարբերությունը: Հիմնականում մադրիդյան սկզբունքների վերաբանեցման միտումն է, որ հայտարարում է ամերիկացի համանախագահը:

Հայկական բազմակողմանի արձագանգները պետք է նկատել տեղին, հիմնավորյալ եւ իրար լրացնող, եթե նկատի ունենանք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարության, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի եւ Հայ դատի գրասենյակների հայտարարությունները:

Ամերիկացի պաշտոնատարի կամ պաշտոնական Վաշինգտոնի (թե՛ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը եւ թե՛  ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատեցին ամերիկացի համանախագահի հայտարարությունը)  վեց կետերը մեկ առ մեկ լույսի են բերում եւ վերստին ընդգծում մադրիդյան սկզբունքների վերաշրջանառության մոտեցումը: Կետերի  հաջորդականությունը որոշ տրամաբանություն է հուշում. ինչ էլ լինի, համաձայնելիների առաջնահերթության կարգի գաղափարը ուրվագծվում է քաղաքական վերլուծումներում: Միշտ չէ սակայն, որ առաջնային նշանակություն ունեցող հարցը, ներկայացնողի համար  անպայման իբրեւ առաջին կետ է գրառվում:

Ուորլիքի բառերով`

«Առանց որոշակի հերթականության ներկայացնեմ այդ տարրերը.
Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:
Երկրորդ, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:
Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:
Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը:
Հինգերորդ, տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:
Եվ վերջապես վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»:

Առանց «որոշակի հերթականության» ասելաձեւը իր վրա  է հրավիրում որոշակի խորհրդածություն: Հերթականությունը նման դեպքերում շատ կարեւոր է. Ուորլիքը տեղում հանկարծակի պատասխան տալու կացության մեջ չէ, ոչ էլ ընդհանուր անպաշտոն զրույցի ընթացքում, որպեսզի հարցերի առաջնահերթության հերթականությունը խախտի: Պատրաստված, գրավոր զեկուցումը որոշակի հերթականության օրինաչափությունը պահած կլինի անպայման: Իսկ այստեղ, նախապես պատրաստված զեկուցումում, երբ ի սկզբանե հայտարարվում է «առանց որոշակի հերթականություն»-ը, դա նշանակում է, որ հերթականությունը շատ ուսումնասիրված գրառված է: Այս ինքնամատնումը ինքնին մտածել է տալիս, որ հերթականությունը պետք է փորձենք դիտարկել շրջված կարգով:

«Եվ վերջապես վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»:

Ճիշտ այստեղ, թվում է  թե կենտրոնացել է  Ուորլիքի պետության շահագրգռվածությունը: Անվտանգության միջազգային երաշխիքներն ու խաղաղապահ գործողությունը Ուորլիքի ներկայացրած քաղաքական շրջանակների համար կիրականանա միջազգային խաղաղապահ ուժերի, գուցե նաեւ ՆԱՏՕ-ի զորամիավորումների տարածաշրջան տեղակայումով: Այստեղ է աշխարհաքաղաքական թեժ օրակարգի վերածված Արեւմուտք-ռուսական ազդեցության գոտիների պահպանման կամ գրավման պայքարի մադրիդյան բանաձեւը:

Ադրբեջանի արտգործնախարարը անորոշ հերթականությունը ճիշտ էր ընկալել: Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանգերգից հետո հատուկ ձեւով ընդգծել է. «Հակամարտության կողմերի միջև վստահություն չկա, և հարկադիր տեղահանվածների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է խաղաղարարների տեղակայում»:

Վերադառնանք «վերջապես վեցերորդ կետ»-ին` վերահամոզվելու համար, որ Ուորլիքի ներկայացրած պետության համար Արցախի հակամարտությունը շահարկման նյութ է տարածաշրջանում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու համար: Որոշակի առաջնահերթ հերթականությամբ:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее