«Ներկայացված բյուջեի կատարողականն արդեն ընկած կառավարության հաշվետվությունն է: Հայերենում շատ են ասացվածքները՝ ընկածի մասին.«Ընկածներին չեն խփում», «Ընկած ցուլի վրա դանակավորները շատանում են» և այլն, ուստի ներկայացված հաշվետվությունը կօգտագործենք՝ կատարելով մի քանի արձանագրութուններ՝ իշխանության բնույթը հասկանալու առումով»,-«ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ ունեցել ենք պլանավորվածից ավելի ցածր ՀՆԱ-ի աճ, այնուամենայնիվ, պլանավորվածից ավելի շատ եկամուտներ ենք հավաքել: Մնում է եզրակացնել, որ այս ցուցանիշը ձեռք է բերվել շնորհիվ հարկային տեռորի:
Պատգամավորն անդրադարձավ դեևս չլուծված հանելուկին: Դա 189 միլիարդ դրամի խնդիրն է:
«Մեր հարցադրումներից պարզ դարձավ, որ դրանցից 75 միլիարդը կառավարությանն էր, մնացածը համայնքներինն էր: 75 միլիարդ չծախսելն էլ է բավականին լուրջ գումար: Ինչու ենք սա կարևորում: Մեր երկիրը թիկունքը բաց երկիր է, որը հասել է իր պարտքի սահմանին: Սրանից ավել չենք կարող պարտք վերցնել: Բայց, բազմաթիվ դրամային խնդիրներ ունեցող երկիրը բյուջետային տարվա վերջում ունեցել է չծախսված 75 միլիարդ դրամ: Մի հոդված ունենք, որում ունենք 0 կատարում, ո՞րն է, գուշակեք: «Որոտանը»: Ենթակառուցվածքներին ուղղված գումարները 5 միլիարդ դրամի փոխարեն կազմել են 0: Գումարը չեք ծախսել՝ առանց ԱԺ-ի հետ համաձայնեցնելու»,-նկատեց պատգամավորը:
Անի Կարապետյան