ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսել է մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների մասին:
Սարգսյանը նախ նշել է` ցավում է, որ հրազեն է գործադրվել, եւ անմեղ մարդիկ են տուժել, բայց նաև կարծիք է հայտնել, որ հասարակությունը վերջնականապես պիտի հասկանա, որ ցինիզմը դատապարտելի է և եթե Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, ով այժմ ձերբակալված է, «չպատժեր» նրանց, ապա օրենքը պետք է պատժեր նրանց:
«Պատգամավորի փեսայի պահվածքը, բնականաբար, մեղադրում եմ՝ կրակոցներ են եղել, անմեղ մարդիկ են տուժել, ինչպես կարող եմ ես արդարացնել, բայց մյուս կողմից էլ հարց է առաջանում, եթե կնոջդ ներկայությամբ քեզ ստորացնեն, ծեծեն, ամենավերջին հայհոյանքը տան, եթե երեխադ նույնիսկ խոսելու հնարավորությունից զրկվի, հարգելի հայ մարդ, դու ոնց կվարվեի՞ր»,-ասել է նախկին ոստիկանապետը:
Նա նաև խորհուրդ է տվել, որ ամեն մարդ ցանկացած հանցագործության դեպք մեկնաբանելիս, բնութագրելիս նախ պետք է ինքը իրեն մի պահ պատկերացնի այդ մարդու տեղում, կամ աշխատի երկուսի դերում պատկերացնել:
Իսկ վերջում, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինքը տվյալ դեպքում ինչպես կվարվեր, Ալիկ Սարգսյանը պատասխանել է.
«Եթե ես իմանայի՝ ֆիզիկականս կների եւ առանց զենքի գործադրման այդ երկուսի հարցերը կլուծեի, հաստատ զենք չէի գործադրի: Բայց եթե ստիպված լինեի, տեսնեի, որ ֆիզիկականս էլ չի ներում, ինչի՞ մասին է խոսքը՝ կգործադրեի, ով էլ լիներ` կկրակեր: Ես իմ օրինական զենքով ինձ կպաշտպանեի, բայց հո բոլոր մարդիկ չունեն այդ հնարավորությունը: Եթե օրենքը այդ պահին ներկա լիներ, ոստիկանությունը ներկա լիներ, բնականաբար, այդ տղային չէր հասնի այս վիճակը: Ոստիկանությունը անշուշտ կպատժեր, անպայման կպատժեր, կկանխեր, բայց չի ստացվել: Հիմա այս մարդն ի՞նչ անի, երբ երեխայի ներկայությամբ ծեծում են»,- եզրափակել է ՀՀ նախկին ոստիկանապետը:
Տեսանյութը` a1plus.am-ի