Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կայքերից մեկում տեղեկատվություն է տարածվել, թե իբր քաղաքապետարանը հրաժարվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու մտադրությունից։ Հայտնում եմ, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ծառայության որակը բարելավելու՝ ուղևորների անվտանգության, ուղևորահոսքերի կառավարման նպատակով քաղաքապետարանին պատկանող ընկերության ավտոբուսներից երկուսում տեղադրվել են տեսախցիկներ։ Ըստ արդյունքների, այդ պրակտիկան կկիրառվի նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մնացած շարժակազմերում»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Երևանում հանրային ուղևոորափոխադրում իրականացնող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։
Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։
Երևանի «Ավտոբուս» Փակ Բաժնետիրական Ընկերության 250-ից ավելի վարորդներ՝ ի նշան բողոքի, հրաժարվում են դուրս գալ երթուղի:


