Աղմուկ բարձրացնելը ճիշտ է, բայց ոչ բավարար. Քեսաբահայերին օգնելու համար նոր մոտեցում է անհրաժեշտ
Քեսաբահայության տեղահանությունը կարծես ևս մեկ անգամ միավորել է, կամ էլ միավորում է ամբողջ աշխարհի հայությանը. աջ-ձախ կոչեր են արվում միավորվել և մեր միասնական ձայնը բարձրացնել միջազգային հանրության առջև, որպեսզի ինչ-որ կերպ կարողանանք օգնել Քեսաբից տարհանվեց մեր հայրենակիցներին: Վերջին օրերին սոցիալական ցանցերն առավել ակտիվացել են և ամենուր տեսնում ենք կարմիր ֆոնի ներքո (թերևս կարմիրն այս պարագայում խորհրդանշում է արյան գույնը) «SaveKessab» գրառմամբ լուսանկարներ: Մարդիկ ակտիվորեն տարածում են նամակի տեսքով Քեսաբահայության կոչն ուղղված միջազգային հանրությանը:Էլ չեմ խոսում այն մասին, որ այս ջանքերը որոշ չափով նույնիսկ արդյունքներ են տալիս:
Միջազգային հանրությունը, կարծես, սկսում է արձագանքել: Օրերս մենք լսեցինք ԱՄՆ Պետդեպարտամենտի փոքր, կարճ բայց այնուամենայնիվ արձագանքը ստեղծված իրավիճակին, իսկ ավելի վաղ լսեցինք Ռուսաստանի կոնկրետ և լայնածավալ արձագանքը Թուրքիայի լիակատար աջակցությամբ ահաբեկիչների՝ Քեսաբ ներխուժման վերաբերյալ: Կարճ ասած աշխարհն, ինչպես երևում է սկսում է կրկին շրջվել Քեսաբի կողմը, մասնավորապես արձագանքելով վերջին դեպքերի կապակցությամբ: Հիմա ի՞նչ, մենք մեր ուզածին հասնու՞մ ենք: Զուր չէր, որ ես քիչ առաջ ասացի, որ մեր՝ հայության կողմից բարձրացված այս աղմուկը արդյունք տալիս է, բայց «որոշ չափով»:
Տեսեք ես չեմ պատրաստվում խորանալ պատմության էջերի մեջ և ներկայացնել բազմաթիվ օրինակներ, երբ մեզ, թե՛ ուղղակիորեն, թե՛ անուղղակիորեն հաջողվել է «ոտքի հանել» ամբողջ աշխարհը, հաջողվել է բոլորի ուշադրությունը սևեռել մեզ վրա՝ մեր խնդիրների, դարդերի վրա: Ասեմ ավելին հաճախ ենք ստացել ցավակցանք և բարոյական աջակցություն: Բավական լուրջ բարոյական աջակցություն, բայց այդպես կոչված «բարոյականից» այն կողմի սահմանները ոչ ոք երբեք հանուն մեզ չի անցնել: Չեմ պատրասվում հիշատակել ցեղասպանության ժամանակաշրջանը, Համիդյան ջարդերը, կամ էլ այլ ողբերգությունները, որոնք կրել է մեր ազգը, որի համար ստացել ենք աշխարհի ցավակցանքը և ոչ ավելին: Սակայն ցանկանում եմ խոսել մի շատ ավելի թարմ օրինակի մասին, որից կարծես մենք այդպես էլ դաս չսովորեցինք: Խոսքը վերաբերում է մարդասպան Սաֆարոի արտահանձնմանը:
Ես ուզում եմ, որ մենք հիշենք այդ դեպքը և փորձենք միասին հասկանալ, թե ինչ կարողացանք մենք անել այդ կապացությամբ, ինչպես արձագանքեց դրան միջազգային հանրությունը և ի վերջո ինչ պայմանականորեն շահեցինք մենք և մեր պետությունը քաղաքական հարթության վրա post factum: Ինձ սխալ չհասկանաք, ես չեմ խոսում մարդկային կյանքը քաղաքականացնելու և դրանից դիվիդենտներ շահելու մասին, պարզապես, երբ երևույթն ինքնին քաղաքականացվում է, և հարցին սկսում ենք խառնվել քաղաքական գործիչներն ու պետությունը, ապա չխոսել քաղաքական օգուտների մասին՝ կնշանակի անտեսել պետական շահը: Սա այնպես իմիջիյալոց, որ հանկարծ ասածս սխալ չհասկացվի:
Վերադառնալով Սաֆարովի դեպքին՝ պետք է արձանագրել, որ Հայաստանը բացի կրկին միջազգային հանրության բարոյական աջակցությունից ոչինչ չշահեց: Բացարձակապես ոչինչ: Ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչ հայատյաց քաղաքականություն է տարվում Ադրբեջանում պետական մակարդակով, հասկացավ, որ Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող մեկ պետության սահմաններում կողք-կողքի ապրել նման համակարգի հետ, բայց դրանից միջազգային հանրության երեսպաշտական դիրքորոշումը Արցախյան հակամարտության հարցում տեղից անգամ չշարժվեց: Նույնիսկ չկարողացանք հասնել նրան, որպեսզի շահագործենք Ստեփանակերտի օդանավակայնը և մեր քաղաքական անճարության պատճառով սկսեցինք դա հիմնավորել ինչ-որ աղոտ տեխնիկական խնդիրներով:
Ասածս հետևյալն է՝ աղմում բարձրացնելը ճիշտ է, մարդու իրավունքների համար պայքարելը ճիշտ է, միջագային իրավունքին ապավինելը ևս լավ է և հանդիսանում է ճիշտ ճանապարհ խնդիրները լուծելու համար, բայց ամբողջ ցավն այն է, որ լինելով ճիշտ՝ այն հաճախ բավարար ճանապար չէ:
Ինչպես կասեր միջնադարյան պետական գործիչ, դիվանագետ Նիկոլո Մակիավելին թշնամիների հետ պայքարելու երկու ճանապար կա՝ առաջինն օրենքի, իսկ երկրորդն ուժի: Առաջինը մարդկանց համար է, երկրորդը՝ կենդանիների, բայց քանի որ առաջինն հաճախ բավարար չի լինում ստիպված ենք դիմել նաև երկրորդի օգնությանը:
Ճիշտ հասկացեք ես չեմ առաջարկում զենք ու զրահ վերձնել և պատերազմ հայտարարել Թուրքիային, կամ էլ մեկ ուրիշին: Պարզապես ուզում եմ ասել, որ վիրտուալ օգնությունից պետք է անցում կատարել իրական օգնություն տրամադրելուն: Հստակ ծրագիր ասել չեմ կարող, ես պետության ղեկավար, կամ էլ պաշտոնյա չեմ, և հետևաբար չեմ էլ փորձել մշակել գործողությունների մանրամասն ծրագիր, որի միջոցով հնարավոր կլինի լիովին բավարարել մեր ազգային շահերը, բայց մեկ բան կարող եմ շատ հստակ ասել՝ դատելով անցյալից մենք տեսնում ենք, որ այն գործողությունները, որոնք մենք այժմ անում ենք մեղմ ասած բավարար չեն և արդյունքում մեզ ոչ մի օգուտ չեն տալիս: Պետք է նոր բան մտածել, նոր մոտեցում ցուցաբերել: