▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔԿ և Պրոբացիայի ծառայությունները բացասական զեկույց են ներկայացրել Նաիրի Հունանյանին վաղաժամկետ ազատելու հարցի վերաբերյալ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունները բացասական զեկույց են ներկայացրել Ն. Հունանյանին վաղաժամկետ ազատելու հարցի վերաբերյալ

2019 թվականի սեպտեմբերի 19-ին Քրեակատարողական ծառայությունը ցմահ դատապարտյալ Ն. Հունանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ներկայացրել է բացասական զեկույց: 2019 թվականի հոկտեմբերի 23-ին Պրոբացիայի ծառայությունը ևս ներկայացրել է բացասական զեկույց:

Հաշվի առնելով 2 ծառայությունների ներկայացրած զեկույցների բացասական լինելու հանգամանքը՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը 2019 թվականի հոկտեմբերի 28-ին ընդունել է Ն. Հունանյանի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում: Այն կարող է բողոքարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

*Ծանուցում. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումը չբողոքարկելու դեպքում հարցը կարող է կրկին քննարկվել համապատասխան որոշման ընդունումից հետո՝ մեկուկես տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացնի դիմում:

Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումը բողոքարկելու դեպքում, եթե դատարանը մերժի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումը, հարցը կարող է կրկին քննարկվել վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացնի դիմում»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее