ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր կառավարության այսօրվա նիստում խոսել է Քարվաճառի դիվերսիոն հետախուզական գործողությունների մասին.
«Պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, 1994 թ. զինադադարի պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի Հանրապետության վարած քաղաքականության հետևանքով պարբերաբար և´ դիպուկահարների կրակոցների, և´ դիվերսիոն հետախուզական գործողությունների ձևերով լարվածություն էր ստեղծվում առաջին գծում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Այս վերջին տարիներին այդ լարվածությունը տեղափոխվել է նաև Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան՝ Տավուշի մարզ: Միշտ տեղեկություն է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակից նաև Քարվաճառի հատվածում հնարավոր ներթափանցման դեպքերի վերաբերյալ և վերջին ժամանակահատվածում նաև որոշակի հետքեր կային: Պաշտպանության բանակի հրամանատարության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ բացահայտելու հնարավոր ներթափանցած խմբերը: Այդ միջոցառումների ընթացքում, համագործակցելով նաև Ներքին գործերի, Ազգային անվտանգության ծառայության հետ, բանակի ստորաբաժանումները հայտնաբերել էին այդ հետքերը և հետքերի հետևից գնալով՝ հայտնաբերել էին խմբի անդամներից մեկին: Դրանից հետո մենք համապատասխան միջոցներ ձեռնարկեցինք. հավելյալ անցակետեր, նաև հավելյալ ստորաբաժանումներ ուղարկվեցին այդ հատված և, համագործակցելով Պաշտպանության բանակի ստորաբաժանումների և նաև իրավապահ մարմինների ստորաբաժանումների հետ, բացահայտվեցին խմբի բոլոր անդամները, որոնք եղել են Քարվաճառի տարածքում: Անկասկած, այդ միջոցառումների ընթացքում նաև բնակչությունը որոշակի մտավախություն ուներ, մանավանդ որ նախնական տվյալներով կա տեղեկություն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 17 տարեկան քաղաքացու սպանության համար կասկածվում է այդ խմբի անդամներից մեկը, որը վերջինն էր հայտնաբերվել»,- նշել է Սեյրան Օհանյանն, ապա հավելել.
«Միջոցառումներն ամբողջությամբ իրականացված են, խմբի անդամները հայտնաբերված են, այսօր Պաշտպանության բանակի հրամանատարությունը հետորոնումային համապատասխան խնդիրներ է իրականացնում և´ առաջին գծում ծառայությունն ուժեղացնելու, հնարավոր ներթափանցման ուղիները բացահայտելու և ականապատման և այլ միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ, և նաև ազգաբնակչության շրջանում համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ բանակն, իրոք, իր առջև դրված խնդիրները լուծում է, այսինքն՝ այն խնդիրը, որը պետք էր կատարել բանակի և իրավապահ մարմինների համագործակցությամբ իրականացվել է: Այժմ համապատասխան հավելյալ միջոցառումներ կիրականացնենք՝ արդեն մեր բանակային զորամիավորման և պաշտպանության բանակի հրամանատարության միջև համագործակցության շրջանակում, որպեսզի հետագայում նման դեպքերը բացառվեն»: