▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոչիի հույսն ու ստվերը



Այսօր ու վաղը Սոչիում տեղի են ունենալու Պուտին-Ալիև, Պուտին-Սարգսյան երկկողմ ու գուցե երեք նախագահների եռակողմ հանդիպումները:
Այս հանդիպումների նկատմամբ մեր հասարակության վերաբերմունքը հակասական է:

Մի կողմից՝ հույս կա, որ դրանք կնպաստեն հայ-ադրբեջանական վերջին օրերի լարվածության թուլացմանը, մյուս կողմից՝ վտանգ, որ այդ հանդիպումներում առանցքայինը Ղարաբաղի հարցը չէ ու ավելին՝Ղարաբաղը կարող է շահարկման ու առևտրի թեմա դառնալ հատկապես Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ:

Վլադիմիր Պուտինի իշխանությունը, որը միջազգային հանրության աչքերում այս օրերին մարմնավորում է «չարիքի կայսրության» վերածնունդը, Սոչիում փորձելու է երկու խնդիր լուծել:Կարճաժամկետ խնդիրը «խաղաղարարի» կառուցողական իմիջի ձևավորումն է. Պուտինին պետք է ցույց տալ, որ ինքն ոչ միայն առանց դատի մարդկանց գնդակահարող Դոնբասի անջատողականների, Մերձդնեստրի, Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի չճանաչված ու կոռումպացված ռեժիմների, այլ նաև՝ հայ-ադրբեջանական հրադադարի հովանավորն է:

Սա PR-ի տեսանկյունից, բայց Կրեմլն ունի նաև երկարաժամկետ ծրագիր, որի շրջանակներում Հայաստանը այլևս կորցրել է սուբեկտայնությունը, ավելի կոնկրետ Պուտինը Սոչի է գալիս «բարաթով» Հայաստանի եվրասիականությունը հաստատող ռուսական որոշմամբ, ու այս առումով Սարգսյանից նոր ակնկալիք չունի ու պետք է փորձի Ալիևին համոզել, որ Ղարաբաղի խնդիրը լավագույնս կարող է լուծվել եվրասիականության շրջանակում:

Եթե Բաքուն որոշի մասնակիցը դառնալ Պուտինի նեոկայսերական նախագծերին, ապա զիջում է պահանջելու ոչ թե Սերժ Սարգսյանից, այլ հենց Պուտինից, որին մերոնք հոժարակամ զիջել են մեր ինքնիշխանության զգալի մասը:

Բայց եթե նույնիսկ ռուս-ադրբեջանական գործարքը դավադրությունների տեսության շարքից է ու չկայանա, ապա Կրեմլի կողմից մյուս համանախագահների դուրսմղումն ոչնչով չի նպաստում հակամարտության վերջնական կարգավորմանն, այլ հակառակը՝ տարածաշրջանուն գեներացնում է շահերի բախում՝ դրանից բխող հետևանքներով:

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее