▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան հայտնվել է խոցելի վիճակում.Թուրքագետ

«Սիրիայում ըմբոստությունների ալիքի սկսվելուց ի վեր  Թուրքիան բռնեց ապստամբների կողմը և, կարծես, հանդես եկավ որպես հակամարտող կողմ՝ իր առջև դնելով երկու գլխավոր խնդիր.առաջինը՝  տապալել Ասադի իշխանությունը Սիրիայում, իշխանության բերել իրենից կախում ունեցող սուննի մուսուլմանական խմբավորման, և երկրորդ՝ չեզոքացնել Սիրիայում ակտիվացած քրդական տարրն ու Հայոց ցեղասպանությունից հետո Սիրիայում հաստատված հայերին հեռացնել  այդ տարածքից, համայնքին ցրել հատվածների և ոչնչացնել հայկական մշակութային և հոգևոր ժառանգությունը: Եկեղեցիների պայթեցումները, խաչերի իջեցումները, հոգևոր մշակույթի ոչնչացումը տեղավորվում է այս համատեքստում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին պայթեցնելու մասին՝ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Նրա խոսքով՝  Թուրքիան անմիջականորեն չի կարող ասել՝ սա կամ այս մեկը ոչնչացրեք, ուստի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Իսլամական պետություն»  խմբավորման մեջ կան  բազմաթիվ թուրք զինյալներ, ովքեր  անմիջական կապ ունեն Թուրքիայի ազգային հետախուզության  հատուկ ծառայության հետ, հավանական է, որ կարող են կատարել նրանց հրահանգը:

Թուրքագետը նշում է՝ կատարված մասին Թուրքիայի լրատվամիջոցները չեն խոսել, ուստի պաշտոնական որևէ հայտարարության սպասել չի կարելի.

«Անդրադարձել է  «Ակոսը»,  «Դեմոկրատ հաբերը»՝ վկայակոչելով «Ակոսին», բացի դրանից քրդական, սակայն թուրքալեզու  կայքերից մեկը` կրկին վկայակոչել է «Ակոսին», անդրադարձ կա նաև սիրիական «Սանա»-ի թուրքական տարբերակում»,-նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Նա համոզված է՝ Թուրքիան կանդրադառնա եկեղեցու պայթեցմանը՝ միայն ուղիղ հարցի դեպքում: Իսկ, թե ինչ կպատասխանեն՝ դժվար չէ գուշակել.

«Իրենք տեսնում են, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները շատ խիստ դատապարտել են, կփորձի իրեն մի փոքր անջատել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից և հանդես կգա ոչինչ չասող հայտարարությամբ, որը մոտավորապես այսպես կլինի.

«Չենք խրախուսում և չենք ընդունում սրբավայրերի կործանումը»:  Կհիշեն նաև, որ Աղթամար կղզում վերանորոգեցին հայկական եկեղեցին»,-նկատեց թուրքագետը:

Անդրանիկ Իսպիրյանը նշում է՝ իսլամականներն  ազատ տեղաշարժվում են Թուրքիայում, բուժվում տեղի հիվանդանոցներում:

«49 հոգի պատանդ ուներ, որոնց ազատեցին և Թուրքիան հիմա հայտնվել է խոցելի վիճակում. ստիպված պետք է ցույց տա, որ պայքարում է իսլամական պետության դեմ, ուստի երեկոյան զինված ուժերը կոտրել և վերացրել են Սիրիայից դեպի Թուրքիա  անօրինական նավթ տեղափոխող խողովակը: Այսինքն, մինչ այդ չգիտեին, նոր հայտնաբերեցին: Նավթի հսկայական խողովակները շատ անտեսանելի էին երևի»,-հավելեց թուրքագետը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее