Երբ քաղաքական գործիչը հացադուլ է հայտարարում՝ անկախ նրանից, թե այդ քայլը որքանով է ընդունելի կամ անընդունելի վերլուծաբանների կամ հասարակության այս կամ այն հատվածի համար, անտրամաբանական կլիներ, որ արդյունքը լիներ տվյալ գործչի ֆիզիկական գոյության իրական վտանգումը: Միշտ մի որևէ կետում հացադուլը կամ պետք է ունենա կոնկրետ արդյունք՝ ազդարարելով ակցիայի ավարտը, կամ էլ անարդյունավետության դեպքում պետք է ընտրել պայքարի այլ, այդ պահին առավել կիրառելի տարբերակը:
Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն, անշուշտ, արդեն մոտենում է ֆիզիոլոգիական այնպիսի հետևանքների նախաշեմին, երբ հացադուլի հետևանքները ավելի շատ ֆիզիկական, քան քաղաքական կարող են լինել: Որքան էլ Րաֆֆիի քայլը անձնազոհության գեղեցիկ օրինակ է, անհրաժեշտ է ընտրել մարտավարական նոր ոճ. ի վերջո պետք է հաշվի առնել, որ առաջնորդի ֆիզիկական տկարությունը կարող է ազդել նրա շուրջ հավաքված ընդդիմադիր հասարակական սեկտորի կառավարելիության վրա...
Թերևս հացադուլի դադարեցման քաղաքական դրդապատճառ ստեղծելու համար Սերժ Սարգսյանը հրապարակավ պատրաստակամություն է հայտնել բանակցել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ հիմք ընդունելով Րաֆֆիի կողմից առաջարկված առաջարկությունները...
Չնայած հստակ է, որ Րաֆֆին իր պահանջած լծակները, այնուամենայնիվ, չի ստանա, բայց սպասվելիք բանակցությունները ներկայումս թե ընդդիմության, թե իշխանության համար փակուղուց դուրս գալու միակ ելքն են... Ընդդիմության համար սա նոր քաղաքական օրակարգ է, իսկ իշխանության համար՝ ներքաղաքական ընդդիմադիր էներգիան լիցքաթափելու հնարավորություն...
Երևի այդքան էլ թերացած չեմ լինի իմ կանխատեսումներում, եթե ասեմ, որ վաղը, հավանաբար, Րաֆֆի Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը...
Վարուժան Բաբաջանյանի գրառումը
Ֆեյսբուք