▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը` պատժիչ գործողություններին սպասելիս

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնալով հայկական ուղղաթիռի խոցմանը, հայտարարել է, թե «լարվածության աճի հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի զինված ուժերը գտնվում են Ադրբեջանի օկուպացված տարածքներում: Այդ իսկ պատճառով, ինչպես բազմիցս հայտարարվել է Ադրբեջանի կողմից, իրադրության լարվածության պատասխանատվությունը ամբողջովին Հայաստանի վրա է»:

Հետաքրքրական է, որ տարածված հայտարարությունը ակնհայտորեն հակասում է, ավելի վաղ, Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած այն հաղորդագրությանը, թե «ուղղաթիռը խոցվել է, քանի որ այն հատել է Ադրբեջանի օդային տարածքը»:

Մի դեպքում, Ադրբեջանը հայտարարում է, որ հայկական ուղղաթիռի՝ ադրբեջանական սահմանի հատման փաստն է լարվածության աճի պատճառ դարձել, մյուս դեպքում նշում՝ ՀՀ ԶՈՒ-ի առկայությունը «օկուպացված տարածքներում»:
Տևական ժամանակ է, հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում՝ միջնորդներին, տեղեկացնում է Ադրբեջանի՝ առաջնագիծը ծանր տեխնիկայով հագեցնելու մասին: Ընդ որում՝ այդ մասին կարելի է ժամանակ առ ժամանակ հանդիպել Ադրբեջանի պաշտպանության նախարարի մասնակցությամբ առաջնագծում արված կադրերում ու մամուլի հաղորդագրություններում: Սակայն որևէ արձագանք (բացի տրաֆարետային հայտարարություններից) չկար:

Այս առումով, սպասելի էր, որ ծանր տեխնիկայի գործածմամբ սադրանքների դրսևորումներ կլինեն:

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչի մամուլի խոսնակ Քեթրին Ռեյը միջադեպի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է, թե Եվրամիությունը կոչ անում հետաքննել Լեռնային Ղարաբաղում ռազմական ուղղաթիռի կործանման միջադեպը:

Շփման գծում գրանցվող միջադեպերի հետաքննման մասին ԵՄ-ն և մյուս միջազգային կառույցները պետք է հայտարարություններ հնչեցնեին ոչ թե սադրանքներից հետո, այլ ավելի վաղ, երբ հնարավորություն կար խուսափելու նման միջադեպերից: Դրա համար անհրաժեշտ էր հետևողականություն դրևսորել այն ժամանակ երբ խոսվում էր ծանր տեխնիկայի կուտակումների, երբ առաջ է քաշվում դիպուկահարներին առաջին գծից դուրս բերելու մասին, և վերջապես, այն ժամանակ, երբ կողմերին առաջարկվում էր համաձայնության գալ շփման գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնելու հարցում:

Ինչևէ, իր մաքսիմալիստական քաղաքականությունն իրականացնելիս Ադրբեջանը ոչ մի բանի առջև կանգ չի առնում, ինչի դրևսորման օրինակ կարելի է համարել նաև այս միջադեպը: Վերոնշյալը սադրանք էր՝ պատերազմ հրահրելու կանխամտածված նախաձեռնությամբ, ինչը ստիպում է հայկական կողմին՝ ընդունել հավասարակշռված որոշումներ, իսկ գործել սառնասրտորեն:

Այն, որ ԼՂՀ ՊԲ համապատասխան ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացնելու՝ ակնհայտ է ու սպասելի (աննախանձելի է պատժիչ գործողություններ սպասող ադրբեջանական ստորաբաժանումների վիճակը), մյուս կողմից, պակաս կարևոր չէ անհրաժեշտ ուսումնասիրությունների, հետաքննությունների իրականացումն Արցախում՝ հետագայում նման միջադեպերի ռիսկերը նվազեցնելու նպատակով:

 

Տիգրան Աբրահամյան 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին