Այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խայտառակ որակեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի նախագիծը, որով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվում է ավելացնել փոխհատուցման չափը:
«Սա ես համարում եմ աննախադեպ խայտառակ օրինագիծ, այն ուղղված է խոսքի ազատության դեմ, այս օրինագիծը ուղղված է Հայաստանում ազատ խոսքը լռեցնելու դեմ, և այս օրինագիծը բնավ ուղղված չէ վիրավորանքի և զրպարտանքի դեմ»,-ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ այդ օրինագծով նախատեսվող փախհատուցման չափը անտրամաբանական և անհամաչափ: «Եթե իշխանությունները ցանկանում են Հայաստանում վերացնել վիրավորանքը, զրպարտանքը, ատելության խոսքը, հայհոյանքը, զազրախոսությունը, ապա դա Նիկոլ Փաշինյանից պահանջելու է ընդամենը 2 րոպե ժամանակ: Փակվում են իշխանական ֆեյք ինուստրիան, փակվում է իշխանական ֆեյք ինկուբատորը, և դուք կտեսնեք, որ Հայաստանում շնչելը կլինի շատ ավելի ազատ, որ Հայաստանում մեծամասամբ կվերանա ատելության, թշնամանքի խոսքը կվերանա վիրավորանքը, կվերանա զրպարտանքը»:
Զոհրաբյանը նաև ասաց, որ իր դիտարկումները, մտահոգությունները ուղարկել է Վենետիկի հանձնաժողով, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների հանձնակատին, ինչպես նաև լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մարտի 24-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի նախագիծը, որով վիրավորանքի համար նախատեսվում է 3 միլիոն, իսկ զրպարտության համար՝ 6 միլիոն դրամ փոխհատուցում: