Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման:
Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ժամանակ Պուտինն ու Ալիևը «ևս մեկ անգամ հաստատել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերային կապերի առկայությունը, ընդգծել քաղաքական, տնտեսական, մարդասիրական և այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների բարեհաջող զարգացումը»։
Երկու երկրների նախագահները կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Նրանք վստահություն են հայտնել առ այն, որ «բարեկամական ու ռազմավարական գործընկերային կապերը կզարգանան նաև հետագայում», նշվում է հաղորդագրությունում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր kremlin.ru-ն, Պուտինը նկատել էր, որ տարածաշրջանում իրավիճակը հեշտ չէ, և հույս էր հայտնել, որ իրենց հանդիպումը կնպաստի բոլոր բարդ խնդիրների համար լուծում գտնելուն: ՌԴ ղեկավարը հավելել էր, որ Մոսկվան Բաքվի հետ ապագային վերաբերող բազմաթիվ համատեղ ծրագրեր ունի:
Ալիևն իր հերթին ասել էր, որ ադրբեջանական կողմը բավարարված է ՌԴ-ի հետ հարաբերությունների մակարդակով: