«Զվարթնոց» օդանավակայանում, ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների, վեճ է տեղի ունեցել «Յունոնա տուր»-ի աշխատակիցների և այդ տուրիստական ընկերությունից ամանորյա ուղեգրեր գնած ու մոտ քսան ժամ օդանավակայանում անցկացրած ուղևորների միջև:
Նշենք, որ տուրիստական գործակալությունը որևէ պարզաբանում կամ հայտարարություն չի տարածում ուղևորների և նրանց հարազատների համար, սակայն ըստ շրջանառվող տեղեկությունների, խնդիր է առաջացել ավիաընկերության հետ, որն էլ պետք է իրականացներ չարտերային թռիչքն. այն չի ժամանել Հայաստան: Նաև խոսվում է, որ տուրիստական գործակալությունը չի վճարել նաև օդանավակայանի համար նախատեսված գումարը:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի Գոա հանգստյան գոտի մեկնել պատրաստվող ուղևորներին հրավիրել էին ինքնաթիռ, սակայն ավելի ուշ` մարդկանց իջեցրել են, ինչից հետո էլ տեղի է ունեցել վեճը:
Նաև նշվում է, որ տուրիստական գործակալության տնօրենը, որ ավելի հայտնի է
«Յունոնա»-ի Արմեն անունով` լքել է Հայաստանն ու այժմ գտնվում է Վրաստանում:
Նշենք, որ տեղեկությունները տուրիստական գործակալությունից ճշտել ու այլ պարզաբանումներ ստանալ չի հաջողվում, քանի որ «Յունոնա տուր»-ի հեռախոսահամարները չեն պատասխանում:
Asekose.am-ը կհետևի իրադարձությունների զարգացմանը: