▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամբողջ ազգն է տեսնում՝ արդարադատության կրիշն ա փտած, կը-րի-շը, ոչ թե կրիչը. Պավլիկ Մանուկյան

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր»-ի տասն անդամների գործով դատաքննությունը:

Դատավոր Պետրոս Մակյանը ընթերցեց հանրային պաշտպանների կողմից ուղարկված դիմումները: Տիգրան Եգորյանն իր դիմումում խնդրել է սեղմ ժամկետում լազերային կրիչով իրենց տրամադրել գործով տուժողների հարցաքննությունների արձանագրությունները՝ նշելով, որ նախկինում դատարանի կողմից տրամադրված կրիչը վնասվել է: Դատավորի խոսքով, թեպետ դա իրենց պարտականությունների մեջ չի մտնում, սակայն տրամադրել է այդ կրիչները, մինչդեռ, այդքանից հետո, այսօր ո՛չ Մուշեղ Շուշանյանը, ո՛չ էլ Տիգրան Եգորյանը չեն ներկայացել դատարան:

Լսելով դատավորին՝ գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանն ասաց.

«Անցյալ դատավարությունից հետո իմ կարծիքը ևս մեկ անգամ հաստատվեց և ի փառս Ձեզ, հաստատեցի, որ Դուք արժանի դատավոր եք: Եթե այսօր մի հատ էլ անցածի պես դատավարություն անեք, ես համոզված եմ, որ ձեզ հետ արդեն «դուք»-ով կխոսեմ: Հիմա էսպես ձգձգելով՝ կրիչը, հավաքիչը, չգիտեմ ինչը... ես ոնց տեսնում եմ, ամբողջ ազգն է տեսնում՝ արդարադատության կրիշն ա փտած, կը-րի-շը, ոչ թե կրիչը: Սենց ձգձգելով ինչի՞ եք տանելու: Մարդուն անհարկի տեղը կալանքի տակ եք պահում»,- վրդովվեց Մանուկյանը՝ անդրադառնալով Արմեն Բիլյանի շարունակ ձգձգվող դատավարությանը:

Դատավորն ընդհատելով Պ. Մանուկյանին՝ հարցրեց, թե արդյոք նա պաշտպանների բացակայության հետ կապված որևէ հարց ունի՞:

Արձագանքելով՝ Մանուկյանն ասաց.

«Չէ, ես հարցաքննողներից ունեմ, Դուք մեր հարցին պատասխանեք՝ ինչո՞ւ եք անհարկի տեղը դատավարությունը հետաձգում»:

Այնուամենայնիվ, դատավորը հայտարարեց, որ պաշտպանների բացակայության պարագայում, դատավարությունը շարունակել հնարավոր չէ:

Այսպիսով, դատարանը հետաձգեց գործի քննությունը և հաջորդ նիստի օր նշանակեց նոյեմբերի 6-ը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին