▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամայիս Գրիգորյանը նշանակվեց Արարատի մարզպետ

 

ՀՀ կառավարության այսօրվա նիստում Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Կառավարության որոշման նախագիծը գործադիրին ներկայացրեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը` նշելով, որ մարզպետն ազատվում է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն: Կառավարության անդամներն առանց որեւէ առարկության եւ հարցի հավանության արժանացրեցին այդ նախագիծը:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունն Արարատի մարզպետի պաշտոնում նշանակեց բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին: Այս որոշման նախագիծը եւս գործադիրին ներկայացրեց Դավիթ Լոքյանը: 

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին հարցրեց, թե Արամայիս Գրիգորյանին հարցեր ունե՞ն, սակայն արձագանք չստանալով ասաց. «Պարոն Գրիգորյան, ձեզ արդյունավետ աշխատանք ենք ցանկանում»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուբիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: Վերջինս երեկ նաեւ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել:

Արամայիս Գրիգորյանը 2013 թվականին նշանակվել էր Արարատի մարզպետ, 2014 թվականին ազատվելով մարզպետի պաշտոնից՝ նշանակվել էր բնապահպանության նախարար: Կարեն Կարապետյանի կառավարության ձեւավորման ժամանակ բնապահպանության նախաարի պորտֆելը բաժին հասավ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին