Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, որտեղ նոյեմբերի 17-ին տոնական համերգ էր անցկացվում` նվիրված Ուսանողների միջազգային օրվան, հրդեհ էր բռնկվել: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ ժամը 21:25-ին ահազանգ է ստացվել, որ Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:44-ին, մարվել՝ 23:26-ին: Այրվել է շոգեբաղնիքը՝ մոտ 25 քմ, ջերմահարվել են հարակից սենյակները (25քմ):
«Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը սա համարում է անփույթ մոտեցում:
«Շատ ուրախ եմ, որ այդքան երիտասարդների կարողանում եք հավաքել, բայց աբսուրդ է, որ նրանց անվտանգության մասին չեք կարողանում մտածել: Որոշ մարդկանց մոտ սովորություն է դարձել ժխտել ամեն ինչ: Հրդեհի համար ասում են , թե այն չուզողների սրտում է: Արդյոք սաունան չուզո՞ղ է: Սաունային չէր կարող կայծակը խփել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կորյուն Գրիգորյանը՝ հավելելով, որ հրդեհվել է ամբողջ սաունան, ինչպես նաև ֆրանսիական արտադրության տեխնիկա, իսկ դրանց համար վճարել է Համալիրի սեփականատերը:
Իսկ վնասը, նրա խոսքով, կազմում է մոտավորապես 200 մլն դրամ:
«25 քմ սաունա է վառվել, 25 քմ էլ ջերմահարված վիճակում է, էլ չենք խոսում կրակը մարելու համար օգտագործված ջրի մասին, որը ներքև է իջել»,-նշեց Կորյուն Գրիգորյանը:
Բանախոսի փոխանցմամբ՝ ներս ոչ ոքի թույլ չեն տալիս մտնել:
«Պաշտոնապես դիմել ենք ԱԻՆ և ՊՆ, որ հստակեցվի՝ ո՞վ է իրավունք տվել, որ շահագործվի գույքը և ո՞վ է պատասխանատու վնասի համար»,-եզրափակեց Կորյուն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Ուսանողների միջազգային օրվան նվիրված համերգը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։
Անի Կարապետյան