ՀՀԿ փոխնախագահ Արեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որի միջոցով տեղեկացրել է, որ գտնվում է Երևանի քննչական վարչությունում.
«Այս պահին գտնվում եմ Երևանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով, դեռևս որպես վկա։ Վերջին անգամ հրավիրել էին հարցաքննության մոտ երկու ամիս առաջ։ Գործի և այսօրվա մանրամասները կպատմեմ երեկոյան։
Ինչպես նաև կանդրադառնամ այն հարցին, թե ինչ է նշանակում կարճատև ընտրարշավից կտրել Հանրապետականի քարոզչության պատասխանատուին և գործող վարչակարգի հիմնական քննադատներից մեկին: Մի բան պարզ է՝ լավ եմ աշխատում», - գրել է Աշոտյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսին ՀՔԾ-ն ընթացք է տվել Աշոտյանի՝ Երևանի պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի աշխատակից լինելու հանգամանքների հետ կապված մեղադրանքներին:
Այս գործն Արմեն Աշոտյանը գնահատել էր իրեն «սպառնալու և ճնշում գործադրելու ապարդյուն փորձ»։