Կսվի թէ ցորեկը ինչ բանի մասին մտածես, գիշերն երազ կտեսնես։ Ես ցորեկը ոսկիի մասին չմտածեցի, սակայն, գիշերս սաստիկ խուզարկվեցավ տունս ոսկի փնտռող չեկիստներէ։
Այս երազին իրականը պատահեցավ 1931 թվի աշնանը, երբ ընդամէն մէկ գիշերվա մէջ կողոպտեցավ քաղաքացոց ողջ վալյուտան, մինչև վերջին կոպէկը։ Բռնության այդ օրերուն Չեկայի նկուղները կտնքային ոսկի ունենալու մէջ կասկածվող մարդոց բազմութենէն․ նախկին առևտրականներէն ու հարուստ կարծեցյալներէն։
Ոսկիներ կորզելու համար աշխարհի ստեղծագործութենէն ասդին գոյություն ունեցած և ունենալիք բոլոր խոշտանգումներն թափվեցան այդ թշվառ զոհերուն գլուխը։ Լուսավորչի նման հետույքէն ձագարով ջուր լեցունել, շամփուրներով դաղել, ամորձիքը մամուլով սեղմել, լուծողական տալ և խոնջաները կնքել և այլն։
Պիթլիսցի Կարապետ աղան 13 տանջանքի դիմացավ, բայց երբ իրեն մոտեցուցին շիկացած թասն ու կուզէին գլխին կոնծել՝ չդիմացավ այլևս ու խոստովանեցավ վերջապէս, որ ոսկի ունի պահած իր տանը։
Ոսկին, սակայն, մառանի թուղթերու տակ թաղված էր վեց տեղով, զանազան քանակությամբ։ Յուրաքանչյուր այս ինքնատիպ գերեզմաններուն վրա դրված էին անպէտք հին կոշիկներ, որոց մէջը գրված էր, թէ քանի՞ ոսկի կա թաղված իր տանը։ Թշվառական կատուներն, իրենց ձագերու հետ խաղցած պահուն բոլոր այդ հաշվեցույց կոշիկները կխառնեն իրար դժբախտաբար։ Կատվի «խաղ» մը, որն ոչ միայն մուկերու, այլև Կարապետ աղային ալ «մահ» եղավ։
Կարապետ աղան կխոստովանի իր 10 ոսկի ունենալը։ Չեկայէն կհանէն և զինված պահակներով տուն կբերեն, որ պահված տեղէն հանէ այդ ոսկիներն ու իրենց հանձնէ:
Երբ կոշիկին ցույց տված 10 ոսկիին տեղը կփորէ․․․ երկու հարյուր ոսկի դուրս կելլէ հանկարծ։ Չեկիստները վերցնելով 200-ը, կըսեն՝ սա չնախատեսված 200-ը, ո՞ւր է ըսածդ 10 ոսկին։ Կարապետը գողության մէջ բռնված, կփորէ երկրորդ թագստոցն, որմէ կհանէ 150 ոսկի, փոխանակ այդ անիծյալ 10-ի։ Երկրորդ գողութենէ այլայլած, երրորդ փոսը կփորէ, որմէ 80 ոսկի կհանէ։ Նույն կարգով փորելով ողջ փոսերը, վերջինի մէջ միայն կհայտնաբերէ իր խոստովանած չարաբաստիկ 10 ոսկին․․․
Ոսկիները՝ թվով 670 հատ, գրավելէն վերջը, Կարապետին, որպես պետական գույք յուրացնողի 10 տարվա տաժանակրության կղրկեն հյուսիս, որն դարձյալ խաբելով կառավարությանը՝ երկու տարիէն․․․ կմեռնի։
Ի՞նչ կասէք, այս տեսակ կատուներու չարժէ՞ զարնել, տեղն ու տեղը սատկեցունել․․․