Ատամի առկայությունը (կամ բացակայությունը) ուրիշի համար տեսանելի է և ապացուցելի, մինդեռ ատամի ցավի առկայությունը (կամ բացակայությունը) ուրիշի համար ո՛չ տեսանելի է, ո՛չ առհասարակ զգայելի, ո՛չ մտածելի և ո՛չ էլ՝ ապացուցելի։ Նույն օրինաչափությունն է գործում բոլոր սուբյեկտիվ երևույթների՝ մտադրությունների, զգացողությունների և զգացմունքների, կամքի և ցանկությունների պարագայում․ ուրիշի համար դրանց առկայությունը հիմնավորելու համար անհրաժեշտ են առյակությունից անհրաժեշտաբար բխող գործողություններ։ Չկան գործողություններ՝ չկան երևույթները։
Այլ կերպ ասած, եթե ուսանողն ասում է, որ ուզում է սովորել, բայց չի սովորում, ուրեմն՝ չի ուզում։ Եթե մարդ ասում է, որ ուզում է թողնել ծխելը, բայց չի թողնում, ուրեմն՝ չի ուզում։ Որովհետև ցանկության առկայությունից (պատճառից) անհրաժեշտաբար բխում են այլ գործողություններ որպես հետևանք այդ ցանկության (ցանկությունը՝ պատճառ է, գործողությունները՝ հետևանք)։
Նույն օրինաչափությունը տարածվում է բոլոր մարդկանց վրա՝ անկախ նրանց սոցիալական դիրքից․ եթե որևէ երկրի ղեկավարը հայտնում է ինչ-որ միտք ցանկության մակարդակում, ապա, որպեսզի այդ միտքն ընկալվի որպես ճշմարիտ, խոսքին պետք է անհրաժեշտաբար հաջորդեն համապատասխան գործողություններ․ չկա գործողություն՝ ցանկություն (պատճառը) իրական չէր։
Կա մի նրբություն․ որպեսզի որևէ պատճառ դառնա հետևանք, անհրաժեշտ են որոշակի պայմաններ, որոնք ապահովում են պատճառի՝ հետևանք դառնալը։ Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ հնչող ցանկություններն ու մտադրություններն իրականում ոչինչ են, որովհետև խնդիրը ոչ թե հիմնահարցը լուծելն է, այլ՝ այս կամ այն լուծմանը նպաստող պայմաններն ապահովելը կամ բացառելը։ Ավելի կոնկրետ՝ մենք ուզում ենք ամեն կերպ պահպանենք հարցի խաղաղ լուծման պայմանները, ադրբեջանցիները՝ խախտեն այդ պայմանները և մեյդան բերեն հարցի ռազմական լուծման պայմանները։
Մենք ուզում ենք ամեն կերպ պահպանենք հարցի լուծման միջազգային-իրավական պայմանները՝ միջնորդ կողմերի մասնակցությամբ, մինչդեռ ադրբեջանն ամեն ինչ անում է՝ ԼՂՀ-ի և Հայաստանի հետ կոնֆլիկտում առերեսվելու պայմաններ ունենալու համար։ Տվյալ դեպքում հարցի ծանրաբեռնվածությունը ոչ թե Ադրբեջանից հնչող ռազմատենչ ցանկությունները կամ մտադրություններն են, այլ այն, թե ինչն է ազդում խնդրի կարգավորման պայմանների վրա, քանի որ այդ պայմաններն են, որ պատճառը հետևանք են դարձնելու, կամ՝ չեն դարձնելու։