▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավազակային հարձակում Երևանում. երեք անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի կենտրոնում 32-ամյա տղամարդու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու եւ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ։ 

2015թ. հուլիսի 09-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք,  Երևան քաղաքի Պուշկին-Սարյան փողոցների հատման մասի մոտակայքում առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ծեծի են ենթարկել Երևանի 32-ամյա բնակչին ու հափշտակելով վերջինիս ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է առանձնապես խոշոր չափի` 38.000 ԱՄՆ դոլար, «Մակբուք» տեսակի համակարգիչ, «Այֆոն 4» տեսակի բջջային հեռախոս, դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ 

Քննությամբ պարզվել է, որ տուժողը 2015թ. սկզբներից զբաղվել է «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակում խաղադրույքներ կատարելով: 2015թ. հուլիսի 03-ին Հարավային Ամերիկայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղին` «ոչ- ոքի» արդյունքի վրա կատարել է 10.000 ԱՄՆ դոլարի չափով խաղադրույք և շահել է 18.048.000 ՀՀ դրամ:

2015թ. հուլիսի 09-ին Մաշտոցի պողոտայից վարձակալած տաքսի ավտոմեքենայով գնացել է «Վիվառո» ընկերության կենտրոնական գրասենյակ և ստացել շահումը, ապա նույն տաքսի ավտոմեքենայով վերադարձել Պուշկինի փողոցում գործող տարադրամի փոխանակման կետերից մեկը և դրամը փոխանակել  դոլարի։ Ոտքով տուն վերադառնալու ճանապարհին՝ մինչ Սարյան փողոց հասնելը, թիկունքից մեկը բռունցքով ուժգին հարվածել է 32-ամյա տղամարդու աջ քունքային շրջանին, ինչի հետևանքով վերջինս  դեմքով ընկել է գետին,  ապա մի քանի հոգի աջ և ձախ կողմերից ոտքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Վերցնելով տուժողի ուսից կախված համակարգչի պայուսակը՝  առերևույթ հանցագործություն կատարած անձինք փողոցում կանգնած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Նախաքննությամբ օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ավտոմեքենան և հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեք անձ։

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել է արևային ակնոց, կրակայրիչ,  ավտոմեքենայի զննությամբ առջևի ձախ դռան վրայից հայտնաբերվել է արնանման հետք, իսկ սրահից` երկու դիմակ, մետաղյա ձող:

Նախաքննության ընթացքում  առգրավվել են տուժողի և երեք կասկածյալների  հագուստները, նշանակվել են դատակենսաբանական, մատնադրոշմային, միկրոմասնիկային փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ կատարված ավազակային հարձակման բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ
 կապերի բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին