▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաթոյանն ահազանգել էր 10 տարեկան երեխայի մուրացկանության մասին. ոստիակնությունը պարզել է՝ նա 21 տարեկան է

ՀՀ ոստիկանությունը գնացել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի՝ 9-10 տարեկան երեխային հնարավոր թրաֆիքինգի ենթարկելու մասին ահազանգի հետքերով: Պարզվել է՝ խոսքը ոչ թե 9-10 տարեկան երեխայի մասին է, այլ 21 տարեկան երիտասարդի, որը փողոցներում անձեռոցիկ է վաճառում:

Հոկտեմբերի 19-ին Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ գիշերը Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում 9-10 տարեկան երեխայի է տեսել, որը մոտեցել է մեքենաներին եւ, ըստ ամենայնի, գումար խնդրել: Նա նաեւ հայտնել էր, որ զանգահարել է ոստիկանություն:

«Գիշերվա այս ժամին, անչափահաս երեխային ամենայն հավանականությամբ թրաֆիքինգի են ենթարկում: Բնականաբար զանգեցի ոստիկանություն: Իրավապահ մարմինները հնարավորինս զգոն պետք է լինեն այս երևույթի նկատմամբ: Կոչ եմ անում նաև քաղաքացիներին նման դեպքեր նկատելիս անհապաղ դիմել ոստիկանություն՝ զանգելով 1-02: Ոչ ոք, այդ թվում ծնողները, իրավունք չունեն շահագործելու երեխաներին»,- ասվում էր նախարարի գրառման մեջ:

«Հայկական ժամանակ»-ն է գրում և նշում, որ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Վաղարշյան-Կոմիտաս խաչմերուկում 9-10 տարեկան երեխայի մուրացկանությամբ զբաղվելու մասին ահազանգ են ստացել: Ահազանգով ոստիկանները գնացել են նշված վայր։ Պարզվել է, որ անձը անչափահաս չէ, այլ 1998 թվականին ծնված երիտասարդ, որը զբաղվում է անձեռոցիկի առք ու վաճառքով:

Մեր տեղեկություններով՝ անձեռոցիկ վաճառող երիտասարդն ամուսնացած է, ունի մեկ անչափահաս երեխա: Ամենայն հավանականությամբ նախարարին մթության մեջ շփոթեցրել է երիտասարդի սովորականից ավելի փոքրամարմին ու հյուծված տեսքը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին