Հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը նախաձեռնել է հերթական սադրանք՝ գնդակոծելով Արցախի Հանրապետության տարածքը։ 2016 թ. ապրիլյան ագրեսիայից հետո առաջին անգամ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ։ Գնդակոծումն իրականացվել է Ալխանլու գյուղի տարածքում՝ անմիջապես բնակելի տների մերձակայքում տեղակայված կրակակետերից։ Արցախի պաշտպանության բանակը ստիպված է եղել պատասխան միջոցներ ձեռնարկել՝ ճնշելու ադրբեջանական բանակի կրակային ակտիվությունը, որից հետո Ադրբեջանը հայտնեց իբր թե հայկական կողմի կրակի հետևանքով սպանված մանկահասակ երեխայի ու կնոջ մասին:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ սա Ադրբեջանի ձեռագիրն է:
Նախքան Խոջալուի, Աղդամի դեպքերը Ադրբեջանը դրա մասին տեղեկություն է տարածել:
«Մենք ռադիոյով լսել ենք այդ լուրը: Այսինքն, սա հերթական սադրանքն ու պատրաստված սցենարն էր»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լարիսա Ալավերդյանը:
ՄԻՊ նախկին պաշտպանի փոխանցմամբ՝ ավելի ուշ բնակելի տների մերձակայքում տեղակայված կրակակետերի վերաբերյալ օտարերկրացի լրագրողի կողմից արված նկարներ են հայտնվել:
Պարզվում է՝ լրագրողներից մեկը տեսել է, որ Ալխանլու գյուղի տների արանքում կան ծանր հրետանու հետքեր: Նկարել, ցուցադրել է, արդյունքում 24 ժամում նրան վտարել են Ադրբեջանից: