Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարված քննությամբ չեն հիմնավորվել բռնաբարության փորձի վերաբերյալ Սյունիքի մարզի բնակչուհու կողմից ներկայացված գրավոր հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները։ Քրեական գործ է հարուցվել սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։
Սյունիքի մարզի բնակչուհուց 2015 թվականի հոկտեմբերի 24-ին Ոստիկանության բաժնում գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ 2015թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 22-ի սահմաններում, ամուսնու ծանոթ ոմն Տիգրանը, այցելելով իրենց տուն, փորձել է իրեն բռնաբարել։
Պարզվել է ոմն Տիգրանի ինքնությունը, ով նույն մարզի բնակիչ է, ամուսնացած, երկու անչափահաս երեխաների հայր:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հաղորդում ներկայացրած բնակչուհին, ամուսնացած լինելով, 2015թ. հուլիսին ծանոթացել է երկու երեխաների հայր Տիգրանի հետ և շփվել: Տան անդամների բացակայության ընթացքում փոխադարձ համաձայնությամբ տղամարդն այցելել է նրան: 2015թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 22-ի սահմաններում, նա հերթական անգամ այցելել է կնոջ բնակարան, որի ժամանակ նրանք վիճաբանել են՝ ուտելիքի շուրջ, և տղամարդը հեռացել է: Երբ տուն է եկել ամուսնու մորաքույրը, կինը, մտածելով, որ նա կասկածել է իրեն դավաճանության մեջ, ինչպես նաև բարկացած լինելով, հայտնել է, թե Տիգրանը փորձել է բռնաբարել իրեն, որի մասին նաև Ոստիկանությունում տվել է սուտ մատնություն:
Քննության արդյունքներով՝ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում որոշում է կայացվել մերժել նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու փորձ կատարելու դեպքով քրեական գործի հարուցումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, իսկ տղամարդու հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով):
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բռնաբարության փորձի մասին ահազանգը չի հիմնավորվել. հարուցվել է քրեական գործ` սուտ մատնության համար
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet