▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծողների ժամանակներ

Ժողովրդի անունից կուրծք ծեծողների 
և, առհասարակ, ծեծողների ժամանակներ

 

 

Լուսանկարում` ԲՀԿ-ական  ծեծված ակտիվիստ Արտակ Խաչատրյանը` վիրահատարանում

 

Հայաստանաբնակ ամենաանուղղելի լավատեսին եթե հանդիպես ու հարցնես, թե ո՞րոնք են մեր երկրի երկու ակնհայտ խնդիրները, վստահ եղեք, պատասխանելու է՝ աղքատության մակարդակն ու արտագաղթը: Գործ չկա, փող չկա, արդարություն չկա, <<պետություն>> չկա – այս ու այլ հարակից պատասխաներն նշյալ երկու հիմնախնդիրների ածանցյալներն են, որոնք ընդգծում են ճգնաժամային իրադրության մասին:

Որքան էլ ձևեր թափենք, գեղեցիկ խոսենք, համոզենք և՛ մեզ և՛ դիմացինին, անառարկելի է, որ դժվարին, թերևս, պետության ամենաբարդ շրջափուլն ենք ապրում, որովհետև մեկ օրվա և նույնիսկ մեկ ժամվա տարբերությամբ աղքատության և արտագաղթի աճն արդեն վկայում է աղետալի կացության մասին: Ինչպես մահամերձ հիվանդի օրգանիզմն է հյուծում հերթական օրը…

Ավետարական ճշմարտությունն էլ չի սփոփում բազմապիսի հոգսերից ու խնդիրներից թմրացած, պատերազմի վերահաս վտանգի վախը սրտում, ընչաքաղցության մեջ հայտնված տասնյակ հազարավոր հայաստանցիներին, որոնց շարունակում են ապրեցնել աշխարհում ՛՛թիվ մեկ քրիստոնյա՛՛ լինելու մասին քարոզներով, հորդորելով մնալ հանդուրժող, ներող, սպասող և սակավ ունեցածով գոհացող…Հոգևորի ու նյութականի սահմանագծին, երբ օրեցօր ընդլայնվում է աղքատների (նրանք, որ դեռ չեն հեռացել երկրից….) բանակը, <<երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնային արքայությունը>> տերունական բանաձևն այլևս իրատեսական վերացարկումների հիստերիա է առաջացրել, հարուցել հանրային անզսպելի ալիք, որից խուսափելու համար ոչ մի պատնեշ չի փրկելու <<երկրային արքայության>> դափնիների վրա ննջող իշխաններին…

Տարատեսակ քաղցր օրորներից ժողովուրդն արդեն հոգնել է, ժողովորդի անունից կուրծք ծեծողներին և վերջիններիս ծեծողներին նաև նույն ժողովուրդը ճանաչում, տարբերակում է փակ աչքերով, լռության մեջ, գործազրկության պատճառով պարապության մեջ հայտնված, արտագնա ճանապարհի աղմկարար ռելսերի վրա: 
Իսկ նրանք շատ են, ցավալիորեն շատ (պաշտոնական և վերջին տվյալներով, Հայաստանում աղքատության մակարդակը բնակչության 30 տոկոսից ավելին է): Նրանց պարբերաբար ու ցինիկաբար շահարկվել են ընտրությունից ընտրություն, կուսակցությունից կուսակցություն՝ վերածելով ձայնատոկոսային ՛՛մանրամեծածախ ապրանք՛՛: Նրանց հաշվին շարունակում է հարստանալ ու փթթել իշխանաց հաջողակ դասը, որոնց երկրային ոտքերը երբեք չեն դիպել երկրային աղքատների արեալներին, մուտք չեն գործել այն տարածք, որտեղ հոգևավորում է հայության վերջին աննվաճ տարածքը՝ արժանապատվությունն ու համբերությունը:

Բայց նրանք, որոնք մերժվեցին՝ իբրև իրական էականեր և դարձան հռչակագրերի, կեղծ վիճակագրությունների, բուկլետների անշարժ ու անտարերք բովանդակություն, շատ շուտով այլևս չեն ներելու քաղաքական, ՛՛արքայական՛՛ խաղերն ու դրանց խաղավարներին: Նրանք մի շատ անսպասելի ու դատաստանաժամ պահի հանդիսատեսից վերածվելու են Քաղաքացիական ՆՈՐ ԱԼԻՔԻ՝ դիցուք Աղքատների զորագնդի, որ պահանջելու և անպայման հաստատելու է, նախևառաջ, <<երկրային արքայություն>>, որում թագավորելու է մարդը, օրենքը և դրանցով արժեգրվող Հայրենիքը…

 


Արա Ալոյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին