Armenpress.am-ը գրում է. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակով գործի առնչությամբ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հանձնաժողովը պետք է հանդիպի Պերմյակովի ծնողներին: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Անդրբայկալի տարածաշրջանի հայերի միության նախագահ Վոլոդյա Մարկոսյանը:
«Ոչ մեկի ուղեղի մեջ չի տեղավորվում, թե ինչ դաժան մարդ պետք է լինի, որ երեխայի վրա զենք բարձրացնի: Բոլորովին աննորմալ երևույթ է: Մեր իշխանությունները տեղյակ են գործից: Իմ տեղեկություններով` այսօր պետք է ժամաներ Պաշտպանության նախարարության հանձնաժողովը գործի մանրամասները քննելու համար»,- հեռախոսակապով հայտնել է Վոլոդյա Մարկոսյանը:
Նրա խոսքով` Պերմյակովների ընտանիքը բնակվում է Չիտայից 400 կմ հեռավորության վրա գտնվող Բալեյ ավանում և ներկայումս տեղի ոստիկանների հսկողության տակ է գտնվում: