Գյումրիի ողբերգության շուրջ ՀՀ իրավապահների գործողությունների, ինչպես նաև գյումրեցիների համաժողովրդական բողոքի ալիքի մասին Asekose.am-ը զրուցել է թատերագետ Լևոն Մութաֆյանի հետ, ով արմատներով գյումրեցի է:
-Ինչպե՞ս կգնահատեք իրավապահ մարմինների՝ ՀՀ ոստիկանության և դատախազության հայտարարություններն ու գործողությունները:
- ՀՀ ոստիկանության և դատախազության մեկնաբանություններն ու գնահատականները չեն կարող հավատընծա լինել, քանի որ դրանցում հաճախ բացակայում են տարրական տրամաբանությունն ու Հայաստանի օրենքների հանդեպ հարգանքը: Ես մի քանի անգամ արդեն ասել եմ, որ իրավազորության առումով գործը պետք է քննվի հայ իրավապահների կողմից, իսկ կասկածյալը, որին արդեն մեղադրանք է առաջադրվել, պիտի գտնվի մեր ենթակայության ներքո: Խախտվել են միջազգային համաձայնագրերի պահանջները, ուստի դատախազության մեկնաբանությունները պարտադրված են, իրավաբանորեն ոչ ճիշտ:
- Գյումրեցիների ցասումն ու համախմբվածությունը ի՞նչ արդյունք կունենա:
-Գյումրեցիները ցասումը, համախմբված պահանջներն արդարացված են: Սակայն վստահ չեմ, թե հայաստանյան իշխանություններն իրենց մեջ քաջություն կգտնեն և Ռուսաստանից կպահանջեն հարգել Հայաստանն ու նրա պետականությունը: Ցավոք, բոլոր գործընթացները, որոնք արդեն տեղի են ունեցել, իմ կարծիքով, համաձայնեցված են:
Իմ սիրելի գյումրեցիներին կոչ եմ անում՝ հետ քաշվել բախումնային վիճակից, ամեն ինչ անել, որպեսզի հաղթի բանականությունը: Այս բախումները մեզ պետք չեն, մեզ արյուն պետք չէ: Դիմում եմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որպեսզի վերջինս հասկանա և ուժ չկիրառի սեփական ժողովրդի դեմ: