▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիտորդներ՝ կասկածելի առաքելությամբ

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան են գործուղվել դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ: Ենթադրվում է, որ հատկապես այն միջազգային կառույցները, որի լիիրավ անդամ է Հայաստանը, պետք է գործուղած լինեին այնպիսի անձանց, որոնց ներկայությունը մեր երկրի համար խնդրահարույց չէր լինի: Հայաստան գործուղված դիտորդների մեծ մասն անկողմնակալ ու պարկեշտ մարդիկ են, որոնք ժամանել են մեր երկիր իրենց իրական առաքելությունն իրականացնելու նպատակով:

Բայց, ցավոք, կան նաև այնպիսիք, որոնք այս տարիների ընթացքում, մեղմ ասած, աչքի չեն ընկել սկզբունքայնությամբ, լոյալությամբ և չեն ծառայել իրենց կառույցների իրական նպատակներին: Այս հրապարակման մեջ անդրադարձել ենք նշված կատեգորիային պատկանող մի քանիսին՝ ներկայացնելով նրանց «մութ» անցյալից որոշ դրվագներ: Այսպես, շատ ժամանակ չի անցել այն պահից, երբ իտալական աﬔնահեղինակավոր հետաքննող լրատվամիջոցներից մեկը՝ «Rai»-ն, հաղորդում հրապարակեց միջազգային խորհրդարանական հարթակներում Ադրբեջանի կողմից իրականացվող խավիարային դիվանագիտության և, մասնավորապես, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի ադրբեջանաﬔտ գործունեության ու մեծ չափերի հասնող կաշառակերության վերաբերյալ: Վերջինս մեղադրվում է 2012-2013թթ. ընթացքում Ադրբեջանից 2,4 մլն եվրո կաշառք վերցնելու ﬔջ, և դրա համար 2016 թվականի փետրվարին նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել Միլանի Ոստիկանության ու Դատախազության կողմից։

Ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան են ժամանել նաև ԵԱՀԿ ԽՎ և ԵԽ ԽՎ պատգամավորներ, որոնց թվում ընդգրկված են նաև ադրբեջանամետ մի քանի գործիչներ, ովքեր «RAI» հեռուստաընկերության հետաքննությունների պոտենցիալ օբյեկտ կարող են հանդիսանալ։

Թիերի Մարիանի, Միշել Վուազին, Դիվինա Սերխիո, Շտեֆան Շենախ․ ահա այն անձինք, ովքեր Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող գործիչների համբավ ունեն և ապրիլի 2-ին պետք է դիտարկեն հայաստանյան ընտրությունները։ Ի՞նչ կարծիք պետք է հայտնեն այս մարդիկ մեր ընտրությունների վերաբերյալ, ովքեր ամենադրական մակդիրներով են բնութագրել Ադրբեջանի՝ միջազգային ոչ մի չափորոշիչի չհամապատասխանող ընտրությունները՝ դրանք համարելով «թափանցիկ, արդար և ժողովրդավարական»։ Այժմ հերթով անդրադառնանք նրանցից յուրաքանչյուրին:

Թիերի Մարիանին Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր է, Ֆրանսիայի տրանսպորտի նախկին նախարարը։ 2016թ. որպես դիտորդ մասնակցելով Ադրբեջանի Սահմանադրական հանրաքվեին՝ վերջինս հայտարարել է․ «Առանց դիտարկման էլ մենք գիտենք, որ ամեն ինչ լավ է»: Ինչպես շատ հարցերում, այդպես էլ Ղարաբաղյան հիմնահարցում Մարիանին ունի ընդգծված պրոադրբեջանական դիրքորշում։ 2014թ. ֆրանսիական «La Revue du Trombinoscope» պարբերականում իր համահեղինակած հոդվածում և 2016թ. «Вестник Кавказа» պրոադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում նա ասել է. «Առաջին քայլերը պետք է անի Հայաստանը, որն օկուպացրել է Ադրբեջանի տարածքների 20%-ը, այն է՝ Լեռնային Ղարաբաղը և շրջակա յոթ շրջանները»։ Թիերի Մարիանին ամեն հնարավոր միջոցներով դեմ է արտահայտվել Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ ԵԽ ԽՎ զեկույցին՝ մասնավորապես նշելով, որ Ադրբեջանը թիրախ է, և զեկույցով փորձ է արվում նվաստացնել այդ երկիրը։

Միշել Վուազինը Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր է, Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամության խմբի նախագահը: Գլխավորելով 2013թ. Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ կարճատև դիտորդական առաքելությունը՝ Վուազինն ընտրությունները որակել է՝ որպես ազատ, թափանցիկ ու արդար։ Նա հայտարարել է, որ Իլհամ Ալիևն անվիճելիորեն հաղթել է ընտրություններում և միայն օրինական ճանապարհով։ Նա Ադրբեջանում դիտարկել է չորս ընտրություն, ընդգծել, որ առկա է ակնհայտ բարելավում և համապատասխանեցում ԵԽ-ի և ԵԱՀԿ-ի ստանդարտներին:

Սերխիո Դիվինան Իտալիայի խորհրդարանի նախկին նախագահն է, խորհրդարանի պատգամավոր, Իտալիա-Ադրբեջան բարեկամության խմբի նախագահը։ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջաններում մշտապես կողմ է քվեարկել ադրբեջանամետ բանաձևերին և հանդես եկել ադրբեջանական մոտեցումների պաշտպանությամբ։ Ադրբեջանի 2013թ. նախագահական ընտրություններին հանդիսացել է ԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության հատուկ համակարգողը: Ըստ նրա գնահատականի՝ Ալիև-կրտսերը համոզիչ հաղթանակ է տարել, իսկ երկիրն ընթանում է ժողովրդավարական զարգացման ճիշտ ուղղությամբ, ինչն ամբողջությամբ հակասում էր ԺՀՄԻԳ դիտորդների զեկույցին: Դիվինան՝ որպես դիտորդ, մասնակցել է նաև 2016թ. սեպտեմբերին Ադրբեջանում կայացած սահմանադրական հանրաքվեին: Բառացի մեջբերում ենք Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալության հաղորդագրությունը, որտեղ Դիվինան, մասնավորապես՝ հայտնել է. «Ընտրատեղամասերում քվեարկության գործընթացը կազմակերպված է բարձր մակարդակով. կարող եմ ասել, որ Ադրբեջանում քվեարկությունն ընթանում է ավելի կարգապահ, քան Իտալիայում: Ես նախկինում էլ եմ հետևել ընտրություններին Ադրբեջանում: Քվեարկությունն այստեղ ավելի է համապատասխանում եվրոպական չափանիշերին, իսկ որոշ դեպքերում անգամ գերազանցում է այդ չափանիշերը»:

Շտեֆան Շենախն Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր է։ Ադրբեջանի Սահմանադրական հանրաքվեի հարցով ԵԽ ԽՎ Մշտադիտարկման կոմիտեի համազեկուցողն էր։ ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի հարցով զեկուցողն էր։ Իր բոլոր զեկույցներում փառաբանել է Ադրբեջանին և այնտեղ իշխող ավտորիտար ռեժիմը՝ ամեն բան ներկայացնելով դրական քողի ներքո։

Կասկած չկա, որ ներկայացված բոլոր անձինք սերտորեն համագործակցում են Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ և շռայլ փոխհատուցումներ են ստանում իրենց մատուցած ծառայությունների համար: Միայն հասկանալի չէ, թե այս պերսոնաժներն ի՞նչ առաքելությամբ են գործուղվել Հայաստան: Զավեշտալի է, բայց փաստ, որ այս մարդկանց աչքերով Ադրբեջանը հետևելու է Հայաստանում կայանալիք ընտրություններին և փորձելու է մասնակցել դրանց վերաբերյալ եզրակացությունների կազմմանը:

Նյութի աղբյուրը` 168.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին