▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ելք»-ին «արագիլն է բերել»

«Ես չեմ պատկերացնում, որ ասենք Մինսկի քաղաքապետի ընտրությունների ժամանակ լինի Նիկոլ Փաշինյան, կամ Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների ժամանակ այսքան ազատություն, բազմակարծություն ու ընդդիմություն լինի: Դրա համար, եթե վերցնենք այն միջավայրը, որում գործում ենք, պետք է ասել, որ հայ ժողովուրդը հաղթեց, քանի որ մոտ 30 տոկոս ընդդիմություն կա Քաղաքապետարանում: Դա հրաշալի ցուցանիշ է մեր անազուտությունների ակումբի՝  ԵՏՄ-ի համար, իսկ որպես աշխարհին ներկայացող ժողովուրդ՝ գավառական, տխուր ու ձանձրալի  ընտրություններ անցկացրինք: Շնորհավորում  եմ և՛ ՀՀԿ-ին, որ չկրակեցին ու չգնդակահարեցին, և՛ «Ելք»-ին, որ դարձավ մուտք: Շատ հետաքրքրիր է նաև այն, որ 200.000-300.000 մարդ մասնակցեց այս ներկայացմանը: Բոլորն էլ գիտեին, թե ով որ տեղն է զբաղեցնելու, բայց գնացին ընտրության: Ա՛յ, սա կարելի է գրանցել որևէ տեղ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով Երևանի ավագանու ընտրությունները՝ ասաց ԳԽ նախկին պատգանավոր  Ազատ Արշակյանը:

«Դուք գիտեի՞ք, թե «Ելք»-ը որքան ձայն է հավաքելու»,-«Ելք» դաշինքից 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցրեց Ազատ Արշակյանին:

«Ես գիտեի, որ երկրորդ տեղում է լինելու, արծաթե մեդալի է արժանանալու, քանի որ մենք գիտենք, որ «Ելք»-ին «արագիլն է բերել»:

Արագիլն ապացուցեց, որ պետք է նոր, թարմ դեմքեր լինեն: Ես պաշտպանում եմ արագիլի ծրագիրը»:

«Փաստեր ունե՞ք»,- կրկին հետաքրքրվեց Մանե Թանդիլյանը.

«Հիմա մենք կդիմենք արագիլին ու կասենք, որ տեղեկանք ուղարկի»,-պատասխանեց Ազատ Արշակյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Երևանի ավագանու ընտրություների նախնական արդյունքները (Ընտրությունների վերջնական արդյունքները հանձնաժողովը կամփոփի մայիսի 21-ին):

Ըստ վերջին տվյալների, որոնք ներկայացնում են 474 ընտրական տեղամասերի արդյունքները պատկերը հետևյալն է. Ընդհանուր ընտրողների թիվը 842 151 է, որից ընտրություներին մասնակցել են 345 158: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. ՀՀԿ` 240 036 կամ 71.25 %-ը, «ԵԼՔ» 70 731 կամ 21%-ը, «Երկիր Ծիրանի» կուսակցություն` 26109 կամ 7.75%-ը:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին