168.am-ը գրում է.այսօր՝ հունվարի 16-ի լույս 17-ի գիշերը, ժամը 02:00-02:30-ի սահմաններում արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Էրեբունի վարչական շրջանում: Փլուզվել են նախկին «Էրեբունի» շուկային հարակից գտնվող մի քանի տաղավար-խանութները, որոնք ամբողջովին հավասարվել են հողին: Տաղավարներից մի քանիսն էլ փլուզման վտանգի առջև են հայտնվել: Հիշեցնենք, որ դեռևս 2013թ. ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էր գնել էրեբունու (Արեշի) շուկան՝ «Երևան սիթի» սուպերմարկետ բացելու նպատակով: Առևտրականներին տարածքն ազատելու, առևտրային նոր տարածք գտնելու և տեղափոխվելու համար պատգամավորը ժամանակ էր տվել: Կարճ ժամանակ անց շուկայի տարածքը լքեցին գյուղմթերքի առևտրով զբաղվողները, այնուհետև՝ հագուստի բաժինների աշխատակիցները: Անցյալ տարի ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան նաև այն մասին, որ առևտրի կենտրոնի կառուցման տարածքից դուրս են հանվելու նաև Էրեբունի փողոցի վրա գտնվող մի քանի խանութ-կրպակներ, որոնց վարձակալողներին ևս ժամանակ էր տրվել տարածքն ազատելու համար: Գիշերը տեղի ունեցած փլուզման հետևանքով առևտրային մի քանի տաղավարներ գրեթե ամբողջությամբ ընկել են առևտրի կենտրոնի համար նախապես փորված հսկայական հիմնափոսի (катлаван) մեջ, իսկ մի քանիսը փլուզման վտանգի առջև են:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում