▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե այս ձևով շարժվեն ՀՀ իշխանությունները` ռուսերենը կհամարեն պետական լեզու...

azatutyun.am-ը գրում է, որ Հայաստանում մտահոգված են Ռուսաստանի մաքսային ծառայության ղեկավարի հայտարարությամբ, որում նա անդրադարձել էր հայոց լեզվի խնդրին: Մասնավորապես, նա ասել է, թե «Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային ծառայությունների շփման լեզուն ռուսերենն է, իսկ Հայաստանում՝ հայերենը»:

Անդրեյ Բելյանինովը ՄՄ-ի  մաքսային ծառայությունների կոլեգիայի նիստի ժամանակ նաև ընդգծել է, թե պետք է շատ լուրջ աշխատանքներ տանել, «այլապես մեկս մյուսին չենք կարող հասկանալ»:

Ռուսաստանի գլխավոր մաքսավորի այս խոսքերը վրդովեցրել են ոչ միայն ընդդիմությանը, այլ նաև իշխող Հանրապետականին: Ազգային ժողովի կրթության և գիտության մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը «Ազատության» հետ զրույցում Բելյանինովի այս հայտարարությունը անընդունելի է համարել:

«Կարծում եմ, որ Մաքսային միության կառուցումը Բաբելոնյան աշտարակաշինությունը չէ, որ մենք միմյանց չհասկանանք, առավել ևս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգալի մասը հրաշալի տիրապետում է ռուսերենին, այնպես որ մաքսակետերում նման հարցեր ուղղակի չեն կարող առաջանալ»,- ասել է Դավթյանը։

Թե ինչու է ռուս պաշտոնյան իրեն թույլ տալիս նման անընդունելի հայտարարություններ անել, կրթության հանձնաժողովի նախագահի համոզմամբ, դա թերևս ավելի շատ էթիկայի խնդիր է: Ամեն դեպքում հանրապետական պատգամավորը համոզված է՝ հայոց լեզուն Հայաստանում չի զիջի իր դիրքերը ռուսերենին:

«Ընդհակառակը, նման անհաջող հայտարարություններ ավելի շատ են մեր մեջ ամրապնդում այն միտքը, որ հայերենը Հայաստանում այլընտրանք չունեցող լեզու է»,- ասել է Դավթյանը։

Մինչդեռ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խորը կասկածներ ունի, որ Մաքսային միության շրջանակներում ամեն ինչ արվելու է, որ Հայաստանում ռուսերենը դառնա պետական լեզու: Մարտիրոսյանը պատահական չի համարում, որ Հայաստանի կառավարությունը, օրենքը խախտելով, Մաքսային միությանը միանալու ճանապարհային քարտեզը հաստատեց ռուսերեն լեզվով, հետո նոր այն թարգմանվեց հայերեն:

«Եթե այս մեթոդաբանությամբ, այս ձևով շարժվեն իշխանությունները, բնականաբար, ռուսերենը կհամարեն պետական լեզու, և բոլոր հիմքերը ստեղծում են իրենք այդ ամենի համար։ Ուստի ես մտավախություն ունեմ, որ կարճ ժամանակ հետո մենք կունենանք մի իրավիճակ, երբ հայերենը կլինի երկրորդական լեզու»,- կարծիք է հայտնել Մարտիրոսյանը։

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին