▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Իսրայելի պահանջն Ալիևը չկատարեր՝ բոլոր սարքերն անջատվելու էին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ներում շնորհեց Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ով երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ Արցախ  այցելելու համար:

Մեկնաբանելով շատերի համար անակնկալ այս որոշումը՝ Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն վաղուց էր պատրաստ բլոգերին արտահանձնել Իսրայելին, սակայն, գործընթացը ձգձգվել է այդ երկրի իշխանությունների մեղքով: «Արդյունքում երեկ տհաճ միջադեպ արձանագրվեց, Լապշինը կալանավայրում ինքնասպանության փորձ է արել, որը, սակայն, կանխվել է բանտապահների զգոնության շնորհիվ: Լապշինին շտապ օգնություն է ցուցաբերվել, այժմ նա բժիշկների հսկողության տակ է»,- հայտարարել է Հասանովը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Ալիևի «բարի» որոշման հետևում փորձել է իրականությունը տեսնել.

-Կարծում եմ՝ ադրբեջանցիները վախեցան: Երևի շատ լուրջ զանգ են ստացել Իսրայելից, որտեղից ասել են՝ եթե բաց չթողնես՝ կփոշմանես: Քեզ վրա սա շատ թանկ է նստելու: Գիտե՞ք, Իսրայելը շատ հետաքրիր, ռազմականացված դեմոկրատական երկիր է: Շահ ունեն, դրա համար Ադրբեջանին զենք են վաճառում, բայց մարդու իրավունքները նրանց համար շատ կարևոր են: Իսրայելը ոչ թե խոսող, այլ գործ անող ազգ է: Նրանք իրենց անգամ ոչ սիրելու քաղաքացու համար մինչև վերջ են պայքարում: Եթե իրենց պահանջը չկատարվեր՝ բոլոր սարքերը, որոնց կոդերն ունեն արտադրողները, անջատվելու էին,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղ այցելած Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի իշխանությունների պահանջով անցած տարվա դեկտեմբերի 14-ին ձերբակալվել էր Մինսկում: Ադրբեջանական դատախազության հարուցած քրեական գործով 40-ամյա բլոգերը մեղադրվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելու և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության համար: Ավելի ուշ Բաքվի դատարանում Լապշինին առաջադրվել էր միայն երկրի սահմանն անօրինականորեն հատելու մեղադրանք: Հուլիսին դատարանը Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին