Ինչպես հայտնի է, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը կատարել է աղմկահարույց հայտարարություն, որով նա ավելի է խորացրել Եվրոպայի ու քաղաքակիրթ աշխարհի և Թուրքիայի միջև առաջացած անջրպետը: Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հաստատել է, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կազմակերպելու է մահափորձեր Եվրոպայում ապրող հայերի, ալեւիների ու Թուրքիայից հեռացածների դեմ (Evrensel, Gazete Duvar):
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահության կողմից մշակվել է գործողությունների ծրագիր, և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը կստանա արժանի հակահարված եվրոպահայության կողմից: Մասնավորապես, ԵՀՄՖ-ը դիմելու է Ինտերպոլին՝ պահանջելով հետախուզում բոլոր այն թուրքական ահաբեկչական կազմակերպությունների և անհատների դեմ, որոնք գործում են Եվրոպայում և հատկապես Գերմանիայում, որոնք ծրագրում են քրիստոնեական համայնքների և մասնավորապես հայերի դեմ գործողություններ: Նամակներ կուղղվեն նաև Եվրամիության այն երկրների պառլամենտներին և համապատասխան իրավապահ մարմիններին, որտեղ կան թուրքական համայնքներ: Նախազգուշական նամակներ կուղղվեն նաև Եվրոպայում գործող թուրք դեսպաններին առ այն, որ պատժիչ գործողություններ կարող են ծավալվել թուրքական ահաբեկչական կազմակերպությունների և նրանց հովանավորողների դեմ հայկական կազմակերպությունների կողմից: Արդյունքները կարող են լինել անկանխատեսելի, ընդ որում, ողջ պատասխանատվությունը կընկնի թուրքական կողմի վրա:
ԵՀՄՖ-ը հույս է հայտնում, որ թուրքական իշխանությունները խոհեմություն կցուցաբերեն և կըմբռնեն, որ առանց այն էլ Եվրամիության հետ ստեղծված լարված իրավիճակը առավել վնասելու է և՛ թուրքական պետությանը և՛ Եվրամիությունում ապրող թուրքական համայնքներին:
ԵՀՄՖ-ը համագործակցելու է և՛ Եվրամիության կենտրոնական իշխանությունների և՛ հակաթուրքական բոլոր հայտնի կազմակերպությունների հետ՝ նախագահ Էրդողանի անխոհեմ քայլերը կասեցնելու և պատժելու նպատակով:
ԵՀՄՖ մամլո քարտուղարություն
03.01.2018թ.