▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գլխավոր դատախազը ձեզ չի դավաճանել. դեռ». Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է օրեր առաջ կատարած իր գրառմանն ու, մասնավորապես նշել, որ մարզասրահում իրեն մոտեցած եւ ՀՔԾ քննիչ ներկայացած անձը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չէ։

Նա, մասնավորապես, գրել է.

«Կինը միշտ ամենակատաղի կերպով է ձգտում նոր ամուսնուն ապացուցել, որ հնի հետ չի հանդիպել: Ու հատկապես նորի մասին չի բամբասել:

Շաբաթներ առաջ մի գրառում էի արել իրավապահ մարմնի ներկայացուցչի հետ ունեցած իմ մի անկեղծ խոսակցության մասին: Տասնյակ խոսակցություններից մեկի: Խոսակցություն, որի նմանօրինակն այսօր կարելի է հանդիպել ու լսել ամենուր` ամեն օրվա հետ շատ ու շատ ավելի հաճախ:

Հետո օրեր շարունակ զարմացած նայում էի, թե ինչ մի առանձակի կատաղությամբ է դատախազությունը հետամուտ եղել այդ խոսակցության եղելության «հերքմանը»` Գլխավոր դատախազն է զանգում, հետեւից ոստիկանությունը...:

Առաջին հայացքից, մի շա՜տ սովորական գրառում ու ուղերձ այն մասին, որ մեր օրերում քննիչները, ոստիկաններն ու դատախազները կրակն են ընկել վերեւից թելադրված «գործ կարելու» քաղաքական հանձնարարությունների ձեռքը, ու իրենք էլ չգիտեն, թե ինչ անեն` թողնեն դուրս գա՞ն համակարգից, թե՞ լուռ կատարեն օրվա ապօրինի «հանձնարարությունները», հույսով, որ ապագա իշխանությունները բարեգութ կգտնվեն ու ըմբռնումով կմոտենան իրենց էսօրվա արածին: Իրավապահ համակարգում աշխատողների հետ շփում ունեցողների համար ստանդարտ ու շատ տարածված խոսակցություն` վերջին գոնե մեկ-մեկուկես տարում: Այդ մարմիններում աշխատողների տան ամենօրյա խոսակցությունը: Բոլորին հայտնի:

Ուրեմն ինչումն է խնդիրը, ինչի՞ համար է դատախազության այս թատրոնը:

Ու հասկացա: Ախր, ինձ հետ նույն մարզասրահ է հաճախում նաեւ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Մեկ-մեկ էլ պատահաբար հանդիպում, բարեւ բարի լույս ենք ասում: Լրիվ մոռացել էի: Ախր, վերեւում կարող էին մտածել, որ այդ բարձրաստիճան պաշտոնյան հենց Գլխավոր դատախազն է, որ վերեւների աչքից հեռու իր սիրտն է բացել: Նոր հասկացա: Ահա, թե ինչու էր Արթուր Դավթյանը բաց կապով ինձ զանգել, ու վերացարկվելով իրականությունից, խրոխտ-խրոխտ սպառնում:

Սիրելի ԱԱԾ-ականներ, հուսով եմ այդ խոսակցության մասին պատշաճ զեկուցել եք` ուր որ հարկն է: Մարդն իրոնք անմեղ է: Ես հերքում եմ որեւէ կասկած, որ հնարավոր է առաջանա որեւէ կասկածամտի ուղեղում, թե այդ պաշտոնյան կարող էր Արթուր Դավթյանը լիներ: Ոչ: Նա ձեզ չի դավաճանել: Դեռ:

Իսկ « դատախազական փայլուն իրավական օպերացիայի» մասին ձեր այսօրվա հաղորդագրությունը վերջն էր: Դուք լու՞րջ եք, տղերք: Բա ժամանակի ու տարածության պակաս տվյալներ ունեիք, էդ ի՞նչ եք արել:

Էս անգամ, երեւի, չեք պլստալու: Կհանդիպենք»:

Կարդացեք նաև՝

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած տեղեկությունը շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչի մոտենալու մասին

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը՝ սպառնալիքների վերաբերյալ Սամվել Ֆարմանյանի գրառման մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին