▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գ.Սաթումյանին դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Վարդանյանը

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում հայտնաբերվել է Երևանի կենտրոնում Գ.Սաթումյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Ա.Վարդանյանը:

2016թ. հունվարի 21-ին Երևանի Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «աջ զստային շրջանի կտրած-ծակած, թափանցող վիրավորում ձախից` բարակ աղու և միջընդերքի վնասումով, վերանրակային շրջանի, կրծքավանդակի և սրունքի առաջային մակերեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գ.Սաթումյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):

Քննության շրջանակներում իրականացված բազմաթիվ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ.Սաթումյանին խուլիգանական դրդումներով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Վարդանյանը, ով, ըստ քննության տվյալների, տուժածի վայր ընկնելուց  հետո շարունակել է ոտքերով հարվածել նրա գլխի շրջանին։ Նկատելով օգնություն ցուցաբերելու համար մոտեցող այլ տղամարդկանց՝ Ա.Վարդանյանը դիմել է փախուստի։

2016 թվականի հունվարի 22-ին որոշում էր կայացվել՝ Ա.Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում Ա.Վարդանյանը հունվարի 23-ին հայտնաբերվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանական դրդումներով սպանության փորձի կատարելու համար։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին