Ինձ համար լուրջ անակնկալ էր Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի առաջադրումը: Կարող եմ ասել, որ ՀՀ նախագահին հատուկ է հեռահար ծրագրի մշակումն ու իրականացումը,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ինչ-որ որոշում ընդունելուն ու դրա մեղքը Արմեն Սարգսյանի վրա բարդելուն, Գառնիկ Իսագուլյանը նկատեց.
«ՀՀ-ում չկա մեկը, որ կարող էր ցանկություն ունենալ ստորագրել փաստաթուղթ՝ ի վնաս Հայաստանի, Արցախի: Հասկացե՛ք, Հայաստանը ոչ թե Արցախի փոխարեն է, այլ կողքին և չի կարող որևէ փաստաթուղթ ստորագրել՝ կապված Արցախի տարածքային ամբողջականության հետ: Հայաստանը շատ է գնացել մեծ զիջումների, որոնց արդյունքում Ադրբեջանի կողմից համարժեք պատասխան չի եղել: Երբ որ Ադրբեջանն էլ գնա, նոր կխոսենք: Խոսքը վերաբերում էր 1994թ.զինադադարի պայմանագրի ստորագրմանը: Մենք այդ ժամանակ հնարավորություն ունեինք հասնել մինչև այնտեղ, որտեղ պետք է: Այս զիջումները, ցավոք, հանգեցրել են նրան, որ Ալիևը հիմա Երևանն իր պատմական հայրենիքն է համարում: ԽՍՀՄ ստեղծելու համար ձևավորված պետություններից մեկը, որ պատմություն չունի ու չի էլ կարող ստեղծել, փորձում է յուրացնել ուրիշինը: Մենք չենք կարող տուրք տալ պետություն ու պատմություն չունեցող ադրբեջանցիների ցանկություններին ու գնալ քայլերի, որոնք չեն բխում հայերի շահերից»: