ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ֆիզիկոս Արմեն Մնացականյանի սպանության մեղադրանքով 2016 թվականի հուլիս ամսից հետախուզման մեջ գտնվող անձը։
1961թ. ծնված ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, ֆիզիկոս Արմեն Մնացականյանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքն ստացել է 2016 թվականի հուլիսի 3-ին՝ Վանաձորում։
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում սպանության դեպքի առթիվ նույն օրը հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի առաջին մասերով, և ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է 1986թ. ծնված Ա.Ոփյանը:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տուժողն իր երկու ընկերների հետ դեպքի օրը գնացել է Վանաձոր քաղաքում գործող, Ա.Ոփյանին պատկանող ծաղկի սրահ, որտեղ թղթադրամը պակաս մանրելու վերաբերյալ կասկած հայտնելու պատճառով վիճաբանություն է առաջացել տուժողի ընկերոջ՝ Ռ.Մարտիրոսյանի և Ա.Ոփյանի միջև: Վիճաբանությունը շարունակելու նպատակով վերջինս, վերցնելով ապօրինի կերպով ձեռք բերված հրազենը, Ռ.Մարտիրոսյանի և նրա ընկերների հետ գնացել է Վանաձոր քաղաքի Մայմեխի խճուղուն հարակից հանդամաս, որտեղ Ռ.Մարտիրոսյանը և Ա.Ոփյանը զրուցելու նպատակով առանձնացել են: Վիճաբանության ժամանակ կրակոցներ են արձակվել նախ՝ Ռ.Մարտիրոսյանի, ապա՝ Ա.Մնացականյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս մարմնի տարբեր մասերում ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և մահացել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2016 թվականի հուլիսի 5-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում էր կայացրել՝ Ա.Ոփյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։
2017 թվականի մարտի 14-ին հետախուզվողը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննությունը, շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հայտնաբերվել է ֆիզիկոս Արմեն Մնացականյանի սպանության մեղադրանքով հետախուզվողը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet