Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մոսկվայից դիվանագիտական աղբյուրը։
«Հայկական կողմը դիմել է Ռուսաստանին և ՀԱՊԿ անդամ այլ երկրների՝ խնդրանքներով, որ գագաթնաժողովը հետաձգվի ավելի ուշ ժամկետներ»,- ասաց նա։
Tert.am-ի խնդրանքով թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տվեց նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ապատեղեկատվություն չէ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը, որ հայկական կողմն է դիմել ՌԴ-ին ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու համար։
«Ուշակովի մեկնաբանությունը կարիք չունի վերահաստատման։ Իսկ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը անհանգստություն է առաջացնում ինչպես իր բովանդակությամբ, այնպես էլ ձևով»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը ասել էր. «Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ-ի դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով»:
Ըստ Եղոյանի՝ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը դեկտեմբերի 6-ին չի կայանալու:
«Հաշվի առնելով, մասնավորապես, հայկական կողմի խնդրանքը, որ նախընտրական շրջան է, որը կավարտվի դեկտեմբերի 9-ին, որոշեցինք ՀԱՊԿ գագաթնաժողով չանցկացնել», - ասել է Յ. Ուշակովը լրագրողներին:
Հիշեցնենք նաև, որ Վայոց ձորի մարզում քարոզարշավից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովն առաջարկել է հետաձգել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը,-«Ռուսաստանի Դաշնության նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, որ ամսի 6-ին ՀԱՊԿ գագաթնաժողովը չանենք, քանի որ այսպիսի իրավիճակ է:
Ապա աշխատանքային կարգով քննարկենք իրավիճակը, լուծումները, որպեսզի պատրաստի լուծումներով գնանք, և ես համաձայնեցի, որովհետև կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է»,– ասել է Փաշինյանը: