▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմը սրբադասում է ախալցխացի հայ հոգեւորականին, որի մարմինը վախճանից 53 տարի անց անխաթար է մնացել

Հռոմից Լիբանան է փոխադրվել 20-րդ դարի նշանավոր հոգեւորական, Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայազգի գործիչ, կարդինալ, Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք (1937-1962թթ.) Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյանի մարմինը: 

Այս մասին գրում է Արևելքն ու մանրամասնում․ «Լիբանանի քրիստոնյաները (ոչ միայն հայ) անհամբերությամբ սպասում են կրոնական այն արարողություններին, որ տեղի են ունենալու այսօր երեկոյան հայ կարդինալի մարմինը Բեյրութի Սուրբ Եղիա եկեղեցու բակում ամփոփելու առթիվ, ինչպես նաեւ՝ լիբանանցիներին է ներկայացվելու կարդինալ Աղաջանյանի սրբադասման դատի կոնդակը: 

2020 թվականին Հռոմի Պապը, նկատի առնելով կարդինալ Աղաջանյանի՝ տարիների ընթացքում աճող սրբության համբավն ու հայ կաթողիկե բարձրաստիճան հոգեւորականների դիմումը՝ որոշում է կայացրել ընթացք տալ Գրիգոր Պետրոս Աղաջանյանի երանացման եւ ապա՝ սրբադասման դատին:

Հռոմի Սրբադասման հանձնաժողովն այս տարվա  փետրվարի 23-ին ավարտել է կարդինալ Աղաջանյանի մարմնի կանոնական հետաքննությունը, հաստատել դրա վավերականությունը, ինչպես նաեւ՝ լավ պահպանված (անփուտ) վիճակը, որ կարեւոր քայլ է երանացման եւ սրբադասման դատի հաջողության համար: 

Հայ կարդինալը հուղարկավորված էր Հռոմի Ս․ Նիկողայոս եկեղեցու՝ Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված կողմնակի մատռան դամբանում եւ Լիբանան է փոխադրվում իր կտակի համաձայն: 

Կարդինալ Աղաջանյանը սրբադասման է արժանանալու իր գործունեության համար, որ միտված էր խաղաղության տարածմանը, ինչպես նաեւ այն անսահման սիրո համար, որ նա վայելել է հազարավոր հավատացյալների կողմից՝ համաշխարհային մակարդակով:

1960-70-ին նա գլխավորել է Վատիկանի Հավատի տարածման միաբանությունը, ջանացել  ընդլայնել կաթոլիկության ազդեցությունը տարբեր երկրներում՝ հատկապես «Երրորդ աշխարհ»-ում, որտեղ փորձել է կազմակերպել կաթոլիկ նոր թեմեր ու դպրոցներ։

Նա համարվում է «կարմիր զգեստով խաղաղության առաքյալ», որ իր համեստության պատճառով հրաժարվել է Հռոմի Պապի աթոռից. ըստ որոշ ոչ պաշտոնական տեղեկությունների, նա Հռոմի Պապ է ընտրվել 1963-ի քահանայապետական գաղտնի ընտրաժողովի ժամանակ (Պապության է առաջադրվել երկու անգամ): Նրա եպիսկոպոսական նշանաբանը եղել է «Արդարություն եւ խաղաղություն» (Lustitia et Pax): 

1946 թվականին, Պիոս XII պապից ընդունելով կարդինալի գլխարկը, Աղաջանյանը հայտարարել է. «Ընդունում եմ աստիճանը խոնարհությամբ եւ հպարտությամբ։ Խոնարհությամբ, քանզի գիտակցում եմ իմ անկատարությունը, իսկ հպարտությամբ, քանզի ի դեմս ինձ պատվում են իմ սիրելի հայ ժողովրդին, նրա սրբերի եւ նահատակների արյունը»։

Նա մեծ ջանք է տարել Լիբանանի տարբեր համայնքների միջեւ խաղաղության հաստատման ուղղությամբ՝ կրոնականից բացի գործելով նաեւ դիվանագիտական, քաղաքական դաշտերում: Տիրապետում էր ութ լեզվի:  

Աղաջանյանի մարմինը Լիբանան փոխադրելու առթիվ այդ երկիր են այցելել բազմաթիվ ուխտավորներ:

Գրիգոր Պետրոս Աղաջանյանը (իսկական անունը՝ Ղազարոս) ծնվել է 1895 թվականի սեպտեմբերի 18-ին, Ախալցխայում։ Սովորել է Հռոմի կաթոլիկ հաստատություններում, ստացել աստվածաբանի, փիլիսոփայի եւ իրավաբանի վկայագրեր։ 1917-ին ձեռնադրվել է քահանա։ 1919-21-ին եղել է Թբիլիսիի հայ կաթոլիկների առաջնորդը, 1921-32-ին՝ Հռոմի հայ կաթոլիկական Լեւոնյան վարժարանում դասատու էր, պրոռեկտոր, 1932-ից՝ ռեկտոր։ 1937-ին ընտրվել է կաթոլիկ հայերի պատրիարք՝ ընդունելով Գրիգոր–Պետրոս XV անունը։ 1946-ից կարդինալ էր: Վախճանվել է 1971 թվականին, Վատիկանում։

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին