ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը օգոստոսի 6-ին այցելել է Արցախի Քաշաթաղի շրջանի Սոնասար համայնք։ Այս մասին Asekose.am-ին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից։
Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի, համայնքի ղեկավար Անդրանիկ Կյուրեղյանի եւ դպրոցի տնօրեն Արտյոմ Ղազարյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը եղել է համայնքի նորաբաց ‹‹Գիտունիկ›› մանկապարտեզում եւ Սոնասարի Սամսոն Կյուրեղյանի անվան միջնակարգ դպրոցում։ Սոնասար համայնքի ‹‹Գիտունիկ›› մանկապարտեզը բացվել է հուլիսի 14-ին։ Այն վերանորոգվել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի ջանքերով։ Մանկապարտեզը սպասարկում է Սոնասար, Մշենի, Հոչանց եւ Առվական համայնքների 20 երեխաների։ Աննա Հակոբյանը շրջել է մանկապարտեզով, ծանոթացել կառույցի պայմաններին, շփվել մանկապարտեզ հաճախող երեխաների եւ նրանց ծնողների հետ, եղեւնի տնկել բակում։
Դպրոցում վարչապետի տիկինը նախ այցելել է կրթօջախի անունը կրող Արցախյան ազատամարտիկ Սամսոն Կյուրեղյանի անկյուն, ծանոթացել ազատամարտիկի կյանքի պատմությանը, դպրոցի գործունեությանը։
‹‹Շնորհակալ ենք Ձեր այցի եւ Սոնասար համայնքի հանդեպ Ձեր ուշադրության համար։ Անգնահատելի է այն գործը, որը դուք արեցիք մեր համայնքի երեխաների համար՝ օգնելով մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին››,-հանդիպմանն ասել է Սոնասար համայնքի ղեկավար Անդրանիկ Կյուրեղյանը։
‹‹Շնորհակալության կարիք չի։ Դա նորմալ է, որ համայնքը պետք է մանկապարտեզ ունենա, աննորմալ էր, որ 30 տարի է համայնքը չուներ մանկապարտեզ։ Պետությունը պարտավոր է դա անել։ Դուք հերոսներ եք, որ ապրում եք այստեղ, որ կառչած եք ձեր հող ու ջրին։ Ոչ թե դուք պետք է շնորհակալություն հայտնեք, այլ պետությունը պետք է շնորհակալություն հայտնի Ձեզ ձեր կատարած աշխատանքի համար››,- ասել է Աննա Հակոբյանը։
Այնուհետեւ վարչապետի տիկինն այցելել է Սամսոն Կյուրեղյանի 94-ամյա մորը՝ Հայկանդուխտ Կյուրեղյանին։ Հուլիսին, Սոնասարի մանկապարտեզի բացման արարողության ժամանակ տիկին Հայկանդուխտը ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի աշխատակիցներին փոխանցել էր, որ շատ է ցանկանում հանդիպել Աննա Հակոբյանին։ Վարչապետի տիկինն էլ խոստացել էր, որ Արցախ այցելության ժամանակ անպայման կհանդիպի Հայկանդուխտ տատիկին։ Ջերմ մթնոլորտում Աննա Հակոբյանը պատմել է Արցախ այցելության մասին, տիկին Հայկանդուխտն էլ պատմել է ազատամարտիկ որդու կյանքի պատմությունը, ներկայացրել Սոնասարում իր առօրյան, թոռների ու ծոռների հաջողությունները։