▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ գրող կամեցեք, իսկ ես` ձեզ բարին. Վարդանի Ղուկասյանի արձագանքը` Մարտուն Գրիգորյանի աղմկահարույց հայտարարությանը

 

 

 

 

 

 

 

 

«Աշխարհի տակ ինչքան լավ բան կա, թող լինի Մարտուն Գրիգորյանին ու բոլոր մարդկանց: Ես նմանատիպ ձևով պայքար չեմ մղում, ես ուրիշ ձևով եմ պայքարում` իմ  կատարած գործունեությամբ և այն աշխատանքներով, որ պետք է դեռ անեմ: Մնացածը` կապրենք, կտեսնենք»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` մեկնաբանելով Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը, ըստ որի` ինքը չի կարող լինել մի թիմում, որում ընդգրկված է Գյումրու նախկին քաղաքապետը:

Վարդան Ղուկասյանը չցանկացավ խոսել նաև իր և Մարտուն Գրիգորյանի տարաձայնությունների մասին, որոնց մամուլը պարբերաբար անդրադարձել է, մասնավորապես այն հանգամանքին, որ նախկինում Վարդան Ղուկասյանը Մարտուն Գրիգորյանի դեմ պայքարում էր որպես ՀՀԿ ներկայացուցիչ, իսկ նրանց պայքարը մշտապես ուղեկցվում էր արյունալի իրադարձություններով, նույնիսկ` փոխհրաձգությամբ:

«Ես ոչ մի խնդիր, ոչ մի տարաձայնություն չեմ ունեցել, դա սարքու է: Ես նման բաներին չեմ մասնակցում: Համենայն ժողովրդին, բոլորի հոգիներին` խաղաղություն, սեր, միաբանություն և իմացություն, ուրիշ ոչ մի բան: Հո՞ թուրքի ու հայի կռիվը չէ, ես ընդհանրապես այսպիսին եմ, դուք եք սարքել ինձ այդպես:Ամեն գնով աշխատում եք, որ վատ բան ասեմ, ինձ քաշեք այդպիսի բաների մեջ: Աստծո խաղաղությունը ձեզ հետ լինի, ձեր ցավը տանեմ, ես ձեզ բարին եմ ցանկանում, դուք ինձ գրող կամեցեք, իսկ ես` ձեզ բարին»,- նշեց Վարդան Ղուկասյանը:

Հավելենք, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջադրվելու է Շիրակի մարզում` «Ծառուկյան դաշինքի» տարածքային ընտրական ցուցակով, ինչը դուր չի եկել ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին: Վերջինս հայտարարությամբ է հանդես եկել, որում նշել է, որ ընդունել  է Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջարկը և առաջիկա ընտրություններում ոչ կուսակցականի կարգավիճակով ընդգրկվելու է ՀՀԿ-ի Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում:

Մարտուն Գրիգորյանը մասնավորապես նշել է հետևյալը.

«Հինգ տարիների հաշտ ու համերաշխ հարաբերությունները, խաղաղ մթնոլորտը չտուժեցին քաղաքական ու կուսակցական թեթեւ ինտրիգներից, քաղաքական պայքարը մնաց հիմնականում կոռեկտության եւ փոխադարձ հարգանքի սահմաններում, իշխանությունում մնացած մարդկանցից որեւէ մեկն արյուն չհեղեց: Ու հիմա «Ծառուկյան» դաշինքը, նման առաջադրում անելով, ցույց է տալիս մեզ եւ գյումրեցիներին, որ այս պայքարն անտեղի, անարժեք մի բան է եղել, որ հանուն քաղաքական մանր շահերի կարելի է գնալ գյումրեցիներիս համար անհասկանալի քայլերի:

Պարզից էլ պարզ է, որ չեմ կարող լինել մի թիմում, որտեղ կա Գյումրու նախկին քաղաքապետը: Ես դա չարեցի 2009թ-ին՝ իշխանական կոալիցիայի անդամ կուսակցություններից ընտրելով «Բարգավաճը» եւ ոչ Հանրապետականը, որի մարզային խորհրդի նախագահն էր նա»:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին