«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր՝ 14։00-ին, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Ազգային ժողով՝ մասնակցելու 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։
Սերժ Սարգսյանի այցը թերևս ամենասպասվածն է եւ հանձնաժողովի ձևավորման հենց առաջին օրվանից բոլորն էին սպասում այս օրվան եւ քննարկում՝ ի վերջո երրորդ նախագահը կգա թե ոչ, ինչ կխոսի, ինչ կթաքցնի:
Եվ ահա, այսօր այդ օրն է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հանձնաժողովի անդամները մինչ այս պարբերաբար հավաքվել են՝ քննարկելու, թե ինչպես են անցկացնելու նիստը, ինչ են հարցեր են տալու, ով ինչ կեցվածք պետք է ընդունի եւ այլն։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հրահանգված է ակտիվ լինել, տարբեր հարցեր ուղղել ու թերեւս սրանով է պայմանավորված կանխատեսումն այն մասին, որ քննիչ հանձնաժողովի նիստը բավական երկար է տևելու:
Երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար, քննիչ հանձնաժողովի անդամ Գեւորգ Գորգիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ միանշանակ մասնակցելու է նիստին, սակայն դեռ չցանկացավ գաղտնազերծել, թե ինչ հարցեր է պատրաստել Սերժ Սարգսյանի համար, ընդգծելով, որ հարցերի բնույթը ցույց կտա նաեւ նիստի ընթացքը։
Իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը նշեց․ «Մասնակցելու եմ, ինչպես և ապրիլյան հանձնաժողովի բոլոր նիստերին եմ մասնակցել անխտիր։ Հարցերը մենք բոլոր հրավիրվածների ժամանակ նույն սկզբունքով ենք մշակում՝ համատեղ և հնչեցնում ըստ ընդունված կարգի»։
Նկատենք, որ Սերժ Սարգսյանն Ազգային ժողով է գնում ուղիղ երկու տարի անց։ Բանն այն է, որ 2018 թվականի ապրիլի 17-ին, ոստիկանական ուժերի լիակատար շրջափակման պայմաններում, Սերժ Սարգսյանը 77 կողմ եւ 17 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց ՀՀ վարչապետ։ Սակայն այդ վարչապետությունը կարճ տևեց եւ 6 օր անց՝ ապրիլի 23-ին նա հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից` հայտարարելով, որ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի:
Եւ հիմա` այս իրադարձություններից երկու տարի անց Սերժ Սարգսյանը կհյուրընկալվի Ազգային ժողովում եւ կպատասխանի արդեն նոր իշխանությունների պատգամավորների հարցերին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում