Արդեն տեղեկացրել ենք, որ Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում ընդունել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին եւ առաջարկել է նրան դառնալ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու՝ ՀՀԿ-ի կողմից։
Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին և Հանրապետական կուսակցությանը իր նկատմամբ ցուցաբերված բարձր վստահության համար՝ մեծ պատիվ համարելով նման առաջարկությունը և վստահեցրել է, որ եթե քաղաքական ուժերի, ինչպես նաև հանրության լայն շրջանակների հետ իր հանդիպումներից հետո որոշում կայացնի ընդունել առաջարկը, կփորձի պատվով կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականություններն ու արդարացնել այդ մեծ վստահությունը:
Պարո՛ն Նախագահ,
Նախ թույլ տվեք իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ և Հանրապետական կուսակցությանն այս բարձր վստահության համար: Կարծում եմ, իրոք, Հայաստանը թևակոխում է մի նոր շրջան, կարծում եմ՝ շատերի կողմից գիտակցված մեծ փոփոխությունների շրջան, դեպի ավելի ժողովրդավար երկիր՝ պառլամենտական հանրապետություն: Այդ իմաստով, իհարկե, կրկնակի մեծ պատասխանատվություն է և մեծ պատիվ ինձ համար Ձեր առաջարկությունը:
Ինչպես Դուք ասացիք, շատ կարևոր է, որ որոշում ընդունելուց առաջ ես նույնպես առիթ ունենամ հանդիպել քաղաքական տարբեր ուժերին և՛ Ազգային ժողովում, և՛ Ազգային ժողովից դուրս՝ կուսակցություններին: Շատ կուզենայի հանդիպել նաև հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպություններին, գործարար շրջանակներին, աշխատավորական շրջանակներին: Իհարկե, անպայման կուզեի հանդիպել Արցախի Հանրապետության ղեկավարությանը, և իհարկե, հանդիպել սփյուռքահայությունը ներկայացնող կառույցներին, կազմակերպություններին կամ անհատներին և դրանից հետո իմ որոշումը կայացնել: Բոլոր դեպքերում, ինձ համար մեծ պատիվ է Ձեր առաջարկությունը, պարո՛ն Նախագահ:
Կրկին շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Եվ եթե այս բոլոր հանդիպումներից հետո որոշումս կայացնեմ, կփորձեմ պատվով կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները և արդարացնել այն վստահությունը, որ լսեցի Ձեզնից, Ձեր կուսակից ընկերների կողմից և հուսամ նաև կլսեմ մեր մյուս քաղաքացիներից և մեր հայազգի որդիներից: Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ: Եթե թույլ տաք, ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար,- ասել է Արմեն Սարգսյանը: