Նախախորհրդարանը, որը վերածվեց Հիմնադիր խորհրդարանի, հայտարարել է, որ շարունակելու է ավտոերթերի իրականացումը: Հերթական ավտոերթը նախատեսվում է արցախում հունվարի 31-ին:
Ղարաբաղի քաղաքացիական շրջանակները անընդունելի են համարում Արցախում ավտերթի անցկացումը: Հիմնադիր խորհրդարանը «ռեժիմին հեռացնելու» խնդրում հաշվի չի առնում այն հանգամանքը, որ Արցախում վերջին օրերին ավելի է լարվել իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում:
Անհասկանալի է իրազեկման ավտոերթի իրականացումը Արցախում Հիմնադիր խորհրդարանի կողմից, քանի որ ղարաբաղցիներին այնքան էլ չի հետաքրքրում իշխանություն-ընդդիմություն իրարանցումը ՀՀ-ում: Ավելին` նման ակցիաների իրականացումը որևէ օգտակար տարր իրենից չի պարունակում և իմաստ չունի այսպիսի կիսապատերազմական իրավիճակում Արցախում հակաիշխանական երթ անելը, այն էլ՝ ԼՂՀ իշխանությունների հետ կապ չունեցող: Նրանք կարող են ընտրել սահմանադրությամբ ընդունված պայքարի այլ ձև ու ոչ Արցախում:
Հիմնադիր խորհրդարանում ընդգրկված ազատամարտիկների, ինչպես նաև այլ կառույցներում ընդգրկված ազատամարտիկների խնդիրն է այս օրերին համախմբող դեր ստանձնել հասարակության լայն շերտերի համար, անհրաժեշտության դեպքում այցելել սահման, ոգևորել հայ զինվորին, ինչպես եղավ անցյալ տարվա օգոստոս ամսին, երբ սահմանում կրկին լարված իրավիճակ էր:
Ազատամարտիկները, եթե շահագրգռված են մեր երկրի զարգացման և հզորացման խնդրում, իրենց ներուժը պետք է օգտագործեն այնպիսի խնդիրների լուծման համար, որոնք այդ պահին ակտուալ և անհրաժեշտ են երկրի համար: