Ոսկերչությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի։ Այն զարգացած է Հայաստանում և հայերն առաջատար ոսկերիչներն են համարվում ամբողջ աշխարհում:
Առանձնահատուկ տեղ ունի շուկայում «Միտարիո Գոլդ» ընկերությունը, որի ներկայացուցիչն է Ռուզաննա Պողոսյանը։ Ռուզաննայի ղեկավարած ընկերությունը շուկայում իր ուրույն տեղն է զբաղեցնում դեռևս 1995 թվականից։ Ունենալով բազմաթիվ մրցակիցներ այս ընկերությունը երբևէ չի զիջել իր դիրքերը՝ շնորհիվ իր պրոֆեսիոնալ մասնագետների, դիզայներական ճիշտ լուծումների և որակյալ արտադրանքի։ Հաջողության գրավականներից մեկն էլ այն է, որ հիմնադիրն իր սեփական բիզնեսի դիզայներն է, ով տարիներ շարունակ ոլորտում լինելով կարողանում է բացառիկ նմուշներ ստեղծել ու աչքի ընկնել նույնատիպ աշխատանքներ չներկայացնելով։
Asekose.am-ը կապ հաստատեց Ռուզաննայի հետ խոսելու իր ընկերության հիմնադրման, ոլորտում գրանցած հաջողությունների, մրցանակների ու կատարելության հասնելու ճանապարհի մասին։
Ռուզաննա եկեք խոսենք սկզբից, ինչպե՞ս հասկացաք, որ ոսկերչությունը եւ ոսկերչական դիզայնը այն արվեստն է, որում ցանկանում եք ձեր էներգիան ներառել։
Մեկ անգամ հաճախորդի հետ աշխատելու ընթացքում, երբ վերջինս նշեց, որ ինքը այլ կերպ է պատկերացնում տվյալ զարդը, այդ պահին ես հասկացա, որ ոսկերչական դիզայնը այն արվեստն է, որտեղ ես պետք է ներդնեմ իմ էներգիան։ Ու ուրախ եմ, որ ես չսխալվեցի, քանի որ աշխատանքս ու նախասիրություններս ներդաշնակ են։
Ինչպե՞ս եղավ մտահղացումը սեփական ընկերությունը հիմնելու։
Այդ տարիներին, երբ Ոսկու շուկան աշխատում էր շատ քչերն ունեին սեփական ընկերություն, այդ ժամանակ ես ու ամուսինս որոշեցինք տարբերվել ու դուրս գալ շուկայից ստեղծելով մերը, ու դուրս գալ ասպարեզ որպես ոսկերչական ընկերություն։
Արդյոք պատկերացնու՞մ էիք, որ մի օր «Միտարիո Գոլդ» ընկերությունը կունենա այս դիրքն ու ճանաչումը։
Ես բնույթով այնպիսին եմ, որ ի սկզբանե ես իմ առաջ եմ դնում պլաններ, ցանկություններ և քայլ առ քայլ մոտենում եմ դրանց։ Հաջողության հասնելու համար ու քանի որ գիտակցում էի տեսակով նպատակասլաց լինելս, որոշակի առումով պատկերացնում էի, որ կհասնեմ այս արդյունքին ։
Ոլորտում մրցակիցներ ունենալն արդյոք օգնե՞լ է ձեզ կատարելության հասնելու ճանապարհին։
Ես երբեք մրցակիցներ չեմ փնտրել, և շրջապատիս ստեղծած արդյունքից ու նմուշներից միայն հիացել եմ։Ու մրցակցությունը երբեք չի խթանել հաջողության հասնելու համար։
Եղե՞լ է պահ, երբ հուսահատվեք։
Հուսահատություններ եղել են բազմիցս, բայց դրանք որևէ մեկը չի տեսել , ես կարողացել եմ ինքս իմ մեջ հաղթահարել դրանք ու կրկին շարժվել առաջ։
Ռուզաննա դուք ձեր ընկերության արտադրանքը ներկայացնում եք նաեւ ամբողջ աշխարհում, ինչպե՞ս եղավ առաջին փորձը այն Հայաստանից դուրս հանելու։
Ի սկզբանե շատ եմ ցանկացել ցուցահանդեսների մասնակցել, բայց չէի կողմնորոշվում, թե որտեղից պետք է սկսել։ Այդ տարի ՀՀ զարգացման հիմնադրամը ֆինանսավորում էր հայ արտադրողներին որպես արտադրող ընկերություններ, որպեսզի նրանք կարողանան ներկայալ այլ ասպարեզներում ու շուկաներում, որպես արտահանող ընկերություններ։ Այդ ժամանակ ընկերներիցս մեկը հուշեց, որ ցուցահանդես է նախատեսվում՝ Արու-Աստանա, և ես առաջին անգամ իմ մասնակցությունն ունեցա հենց այդտեղ։
Դուք ունեք բազմաթիվ ցուցահանդեսներից ու մրցույթներից ստացած տասնյակ դիպլոմներ ու մրցանակներ։ Հետաքրքիր է՝ ի՞նչ զգացողություն եք ունենում ամեն անգամ նոր մրցանակ կամ դիպլոմ ստանալիս։
Միանշանակ ունենում եմ հպարտության զգացողություն, քանի որ, երբ գնահատվում է աշխատանքդ դա ամենահաճելի երևույթն ու ուժն է նոր բարձունքներ գրավելու համար։ ու հաճելին այն է, որ գնահատված լինում ես բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մասնագետների շրջանում։
Ի՞նչ տարբերություն եք տեսնում հայկական եւ միջազգային ոսկերչության միջև։
Մի գաղտնիք ասեմ, երբ բազմաթիվ երկրներում մասնակցել ենք ցուցահանդեսների ու այնտեղ շփվել այլ ընկերությունների ղեկավարների հետ, նրանք խոստովանել են, որ իրենց շքեղ ու իդեալական աշխատանքները ևս արտադրել են հայերը։ Հայից լավ ոսկերիչ ես դեռևս չեմ հանդիպել։
Ինչպե՞ս եղավ մտահղացումը «Հայաստան» հավաքածուի ստեղծման, եւ արդյոք կարողացա՞ք ձեր արվեստի միջոցով էլ «խոսել» Հայոց ցեղասպանության մասին։
Այո, մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ խոսքս լսելի կարողացա դարձնել, այդ ժամանակ Հայոց ցեղասպանության 100 ամյակն էր, ինչը ինձ ոգեշնչեց, որ Մոսկվայում կայանալիք ցուցադրության ժամանակ ոսկերչության միջոցով ևս «խոսել» Եղեռնի մասին։ Որոշեցի զարդերի վրա դնել այնպիսի դետալներ, որոնք իրենցից կներկայացնեն հայկական խորագրեր։ Վստահ էի, որ որևէ հորիզոնականում կհայտնվի մեր արտադրանքը, բայց առաջին հորիզոնականն ինձ համար անսպասելի էր։ Հիմնական նպատակս դա էր, որ ներկայանամ հայեցի ու հպարտ եմ, որ իմ առաջ դրված խնդիրները կարողանում եմ լուծել այնպես, որ առաջին հերթին ես ես ինքս իմ արած աշխատանքից բավականություն ստանամ։
Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր այն մարդկանց, ովքեր նոր են սկսում այս բիզնեսը և ոլորտի մեծության պատճառով վախեր ունեն։
Ի սկզբանե պետք է այս ամենին չնայել որպես բիզնես, քանի որ ոսկերչությունն արվեստ է, եթե որպես արվեստ դիտարկեն ոսկերչությունը, լինեն աշխատասեր ու <<չվախենան>> այս թանկարժեք մետաղից, վստահորեն նշում եմ, կգնահատվեն և կհասնեն այն կետին, որը պատկերացնում են։
Ո՞րն է ձեր հոգու ամենահարազատ հավաքածուն։
Ինձ հոգեհարազատ հավաքածուն հենց «Հայաստանն» է։
Ի՞նչ արժեքներ եք կարեւորում յուրաքանչյուր հավաքածու ստեղծելիս։
Ամենակարևորը դա սերն է․․․սերը դեպի քո կատարած աշխատանքը։ Ինձ համար ամեն դետալ, ամեն զարդ ու նախշ իրենից արժեք է ներկայացնում ու դրանք չափազանց կարևոր են ինձ համար։
Ի՞նչ պլաններ կան առջեւում։
Պլանները շատ են, բայց քայլ առ քայլ գնում ենք առաջ, ես չեմ սիրում նախապես պատմել դրանց մասին, բայց խոստանում եմ, որ բոլոր նրանք ովքեր հետաքրքրված են «Միտարիո Գոլդ» ընկերության աշխատանքներով, կտեսնեն մեր գրանցած հաջողություններն ու գրաված նոր բարձունքները, իհարկե այդ ամենը միայն աշխատասիրության ու բարձ որակ ստեղծելու արդյունքում։